Մեկ օրում «Մուրացան» հիվանդանոցում գրանցվել է վտանգավոր քիմիական նյութերից թունավորման 5 դեպք

Մեկ օրում «Մուրացան» հիվանդանոցում գրանցվել է վտանգավոր քիմիական նյութերից թունավորման 5 դեպք

  • 13-01-2022 14:48:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մեկ օրում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գրանցվել է կենցաղային վտանգավոր քիմիական նյութերից թունավորված 5 դեպք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
 
«Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պետք է պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։ 
 
Մտահոգիչ է, բայց պետք է նշենք, որ եղել են դեպքեր, երբ նույն երեխան տարբեր ժամանակահատվածներում ընդունվել է համալսարանական հիվանդանոց մի քանի անգամ տարբեր նյութերից թունավորված լինելու պատճառով: 
 
Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք, կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։
 
Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
 
Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների եւ տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:
 
Պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութերը, մաքրող, լվացող որոշ հեղուկները, որոնք պարունակում են հիմքեր եւ թթուներ եւ կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Այլ վտանգավոր նյութերից նշվեցին լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:
 
Կարող են չափազանց վտանգավոր լինել նաեւ դեղերով պայմանավորված թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը եւ այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է:
 
Երեխաների նման թունավորումների կարող եք արագ դիմել մասնագիտացված միակ` Թունաբանության և մանկական վերակենդանացման համալսարանական կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և անհրաժեշտ բուժում իրականացնել:
 
Հիշեցնում ենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով», - գրել է Մուրադյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը