Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ. Պեսկով


Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ. Պեսկով

  • 13-01-2022 15:49:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն, ՌԴ-ն երկխոսությանն ուղղված քաղաքական կամքի պակաս երբեք չի ունեցել, սակայն անհրաժեշտ չէ գործընթացը հանուն գործընթացի, հստակ արդյունք է անհրաժեշտ:
 
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ռուսաստանում երբեք բանակցելու քաղաքական կամքի պակաս չի եղել: Ընդհակառակը, մենք բազմիցս բախվել ենք այդ բանակցությունները վարելու ցանկության բացակայության հետ: Եվ ես կասկած չունեմ, որ քաղաքական կամքի բացակայություն հետագայում էլ չի լինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իմաստ տեսնո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակման մեջ:
 
Հիշեցնենք, որ Բրյուսելում չորեքշաբթի կայացել էր Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը նվիրված էր անվտանգության շուրջ ՌԴ-ի առաջարկների քննարկմանը:
 
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը