Ինչու Ալիեւը հանկարծ հիշեց Մինսկի խումբը


Ինչու Ալիեւը հանկարծ հիշեց Մինսկի խումբը

  • 13-01-2022 16:53:25   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. 
 
Ալիևը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ մի շարք հայտարարություններ է արել, որոնք վկայում են Բաքվի հանցախմբի պարագլխի՝ ապագայի վերաբերյալ ակնհայտ անվստահության մասին։
 
Արեւմուտքը չի ընդունել Ռուսաստանի վերջնագիրը ազդեցության ոլորտների վերաբերյալ եւ պնդում է երկրների ինքնիշխանության վրա հիմնված կարգի պահպանման վրա։ Ռուսաստանը խոշոր իմիջային պարտություն կրեց Ղազախստանում այն ​​բանից հետո, երբ Տոկաևը նշանակեց «ռուսաֆոբ» տեղեկատվության նախարար և պահանջեց շտապ դուրս բերել ՀԱՊԿ զորքերը։
 
Ալիևն ասուլիս էր հրավիրել Ֆրանսիային և ԱՄՆ-ին Հայաստանին աջակցելու մեջ մեղադրելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի վերսկսումը թույլ չտալու և ռուս-թուրքական միությանը հավատարմության երդում տալու համար։
 
«Պատերազմի ժամանակ Ֆրանսիան, չնայած իր միջնորդի կարգավիճակին, որը պարտավորեցնում էր չեզոք մնալ, միանշանակ կանգնած էր Հայաստանի կողքին»,- ասել է Ալիևը։ Պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը բացեիբաց կանգնեց Հայաստանի կողքին, ասել է նա։ «Նախ՝ Հայաստանը հրավիրված էր, այսպես կոչված, «Ժողովրդավարության գագաթնաժողովին», բայց Ադրբեջանը հրավիրված չէր։ Այսինքն՝ սա բացահայտ խտրականության դրսեւորում է։ Երկրորդ փաստն այն է, որ վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին հրավիրել էին Վաշինգտոն, որտեղ նա հանդիպումներ է անցկացրել։ Իսկ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարին չեն հրավիրել», ասել է Ալիևը։
 
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, «մենք շատ զարմացանք, որ մեծ ավերածություններից տուժած Ադրբեջանին տրամադրվում է 140 միլիոն եվրոյի ֆինանսական փաթեթ, իսկ Հայաստանին՝ 2,6 միլիարդ եվրո», ասել է Ալիևը։
 
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է 30 տարին», հեգնել է Ալիևը։ Նա հայտարարել է, որ համանախագահները «այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ խնդիրն արդեն լուծված է», և ավելացրել է, որ Բաքուն կկանխի ղարաբաղյան խնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։
 
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարի հետ զրույցում նշել էին, որ Արցախի հակամարտության կարգավորման միակ մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը։
 
Այս մասին հայտարարվել է շփման գծում իրավիճակի սրման ֆոնին։ Այս համատեքստում Ալիևի հայտարարությունները միջազգային հանրության առջև պատասխանատվությունից խուսափելու փորձ են թվում՝ տեղավորվելով Կրեմլի հակաարևմտյան ուղեծրում, որը նույնպես դեմ է Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի քաղաքական քննարկմանը։ Ալիևը, դժգոհելով Վաշինգտոնից և Փարիզից, ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի են սերտացել, և ռուս խաղաղապահները, սկզբունքորեն, լավ են կատարում իրենց աշխատանքը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play