ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ

  • 14-01-2022 10:44:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 13-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրեց լեհական նախագահության առաջնահերթությունները:
 
Հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների:
 
Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ ինքնիշխան տարածք 2021թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի արդյունքում զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը:
 
Ընդգծվեց, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը:
 
ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով:
 
Դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:
 
ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն:
 
Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ։
 
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը