Հայկական ազգային ավիափոխադրողը նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն 2022 թ․ մայիսի վերջից


Հայկական ազգային ավիափոխադրողը նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն 2022 թ․ մայիսի վերջից

  • 14-01-2022 13:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հայկական ազգային ավիափոխադրողը նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն 2022 թվականի մայիսի վերջից։ Այսօր կայացավ Հայկական ազգային ավիաուղիների` «Ֆլայ Արնայի» ապրանքանիշի շնորհանդեսը։ «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին անդրադարձավ ավիատոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ հարցին։
 
«Գինն այսօր ոլորտում շարունակում է մնալ դինամիկ՝ սկսվում է ամենացածրից, հասնում լավագույն ամենամրցակցային գնային մակարդակի։ Նպատակն է խթանել շուկայի զարգացումը, այսինքն՝ շատ ճամփորդողներ գրավել դեպի մեր ընկերություն։ Գինը պետք է լինի հնարավորինս մրցակցային՝ պահպանելով բիզնես մոդելը»,- ասաց նա։
 
Ադել Ալին հավելեց, որ թռիչքներն սկսելու են երկու օդանավով, հետո շատ արագ երրորդն է միանալու․ «Մայիսի վերջին հուսով ենք՝ երկու օդանավով Երևանից կթռչենք»։
 
Դեռևս 2020 թվականի հունիսին տեղեկություն եղավ, որ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այն ժամանակ հայտարարել էր, որ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն 2․5 տարի կպահանջվի։
 
Ներկայում այս խնդիրը դեռ լուծված չէ, և հարցին, թե ինչպե՞ս է այս իրավիճակում ազգային ավիափոխադրողն իրականացնելու իր աշխատանքը, եվրոպական ուղղություններով թռիչքներ լինելո՞ւ են, Ադել Ալին պատասխանեց․ «Մենք աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել այս խնդրին զուգահեռ։ Մեր աշխատանքը հիմնելու ենք տեխնիկական ստանդարտների վրա, որոնք օգտագործվել են տարբեր ավիահանգույցներում ամբողջ աշխարհում։ Եվրոպայում գրեթե 40 օդանավակայանների հետ աշխատում ենք։ Գրեթե վստահ ենք, որ այս տեխնիկական խնդիրը խոչընդոտ չէ։ Ըստ մեր բիզնես պլանի՝ որոշ ուղղություններ արդեն սահմանված են՝ Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արևելք։ Եվրամիությունը մեր բիզնես պլանի մի մաս է, բայց ոչ անմիջական։ Նախ պետք է փորձենք ստանալ մեր սերտիֆիկատը, ստանալ թույլտվություն, հետո բացել երթուղին»։
 
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ասաց, որ կառավարության կողմից ազգային ավիափոխադրողին սուբսիդավորման մասին ընդհանրապես խոսք չի գնում՝ ոչ հարկային արտոնությունների, ոչ այլ տեսքով։ Պետության կողմից միայն ֆինանսավորում է լինելու՝ հայկական կողմը 51 տոկոս, օտար ներդրողը՝ 49 տոկոս մասնաբաժնով։
 
Նշենք, որ ԱՆԻՖ-ի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող՝ «Էյր Արաբիայի» միջև 2021 թվականի հուլիսին ստորագրվել է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ստեղծված համատեղ ձեռնարկությունը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Հանրության առաջարկների հիման վրա ավիաընկերության անունն ընտրվել է «Ֆլայ Արնա, Հայկական ազգային ավիաուղիներ» (Fly Arna Armenian National Airlnes)։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը