Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ պատրաստ են շարունակել շփումները Հայաստանի հետ առանց նախապայմանների


Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ պատրաստ են շարունակել շփումները Հայաստանի հետ առանց նախապայմանների

  • 14-01-2022 17:25:39   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
 
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ևս որակվել է դրական և կառուցողական:
 
«Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցավ դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ:  Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ: «Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական խողովակներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
 
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն ավելի վաղ տարածել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը