ԵՄ-ն խրախուսում է հայ-թուրքական երկխոսությունը


ԵՄ-ն խրախուսում է հայ-թուրքական երկխոսությունը

  • 15-01-2022 11:11:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵՄ-ը քաջալերում է Հայաստանին և Թուրքիային շարունակել ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
 
«Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը»,-ասել է Պիտեր Ստանոն, ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլիչի այսօրվա հանդիպում կարևոր քայլ էր։
 
«Եվրամիությունը խրախուսում է Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
 
Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության , հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,-ընդգծել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։
 
Պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի այդ երկու երկրների հետ Եվրամիության հարաբերություններում։
 
«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,-հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play