Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի
15-01-2022 11:34:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shamshyan.com. Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Արկադի Մարտիրոսովն ու Թելման Ասատրյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն ճանապարհին, և խցանում տեղի չունենա։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: