Չինաստանն ու Թուրքիան զգուշացրել են Պուտինին


Չինաստանն ու Թուրքիան զգուշացրել են Պուտինին

  • 17-01-2022 12:23:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, սկսել է ՀԱՊԿ կազմում Ղազախստան մտցված ռուս դեսանտայինների դուրսբերումը։ Նրանց թիվը, տարբեր տեղեկություններով, հասնում է մոտ երկու տասնյակ հազարի, թեեւ պաշտոնապես հայտարարվում է մոտ 3 հազարի մասին։
 
ՀԱՊԿ գործողությունը շատ կարճ տեւեց Ղազախստանում․ ՀԱՊԿ միջամտությունը խնդրած նախագահ Տոկաեւը երեք օր անց պահանջեց դուրս բերել ՀԱՊԿ զորքը։ Պահանջը բավական արագ կատարվեց, թեեւ խոսակցություններ կան, որ ռուս դեսանտայինների մի մասը կարող է մնալ Ղազախստանում։ ՀԱՊԿ միջամտության վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններ եղան Արեւմուտքից, նախագահ Տոկաեւից ԱՄՆ-ն պահանջել էր բացատրել, թե ինչու էր կարիք առաջացել հրավիրել ՀԱՊԿ-ին։
 
Փորձագետները նկատել են, որ Չինաստանի ու Թուրքիայի, որոնք զգալի տնտեսա-քաղաքական ներկայություն ու շահեր ունեն Ղազախստանում, առաջին դեմքերը բավական զուսպ էին իրենց հայտարարություններում։ Առավել եւս, որ Ղազախստանում ՌԴ զինված միջամտությունը ներկայացվում էր որպես «Մեծ Թուրանի ծրագրին հարված հասցնելու» գործողություն, ընդ որում՝ Չինաստանի լուռ համաձայնությամբ, որն ունի ույղուրական խնդիր, իսկ ույղուրական մեծ համայնք կա Ալմաթիի շրջանում։
 
Ուշադրության էր արժանի Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Ղազախստանի իշխանությունն ի վիճակի է եւ պետք է իրավիճակը կարգավորի ինքնուրույն, ակնարկելով ՀԱՊԿ միջամտությունը։ Իսկ Չինաստան շտապած Թուրքիայի արտգործնախարարը այդ երկրին հավաստիացրեց, որ Թուրքիան Ղազախստանում չի խոչընդոտելու Չինաստանի շահերին։
 
Ըստ ռուսաստանյան փորձագիտական շրջանակների՝ Չինաստանն ու Թուրքիան պահանջել են, որ Ռուսաստանը հանի իր զորքը Ղազախստանից։ Փորձագետներն ասում են, որ Արեւմուտքի դեմ սուր ճոճող Կրեմլի վարչակազմը վախենում է Չինաստանից ու Թուրքիայից, որոնք Արեւմուտքի պես բարեկիրթ չեն եւ հակված չեն դիվանագիտական ավելորդ սեթեւեթանքների։ Պուտինյան պրոպագանդայի «ռուս-չինական միության» թեզն իրականության մեջ լիովին այլ դրսեւորումներ ունի՝ Պեկինը Ռուսաստանը դիտարկում է ընդամենը որպես կրտսեր գործընկեր եւ հումքային կցորդ։ Եվ երեւում է՝ Պեկինը դեմ չէ թյուրքական գործոնն օգտագործել ՌԴ դեմ նույն կերպ, ինչպես ռուսները՝ Հայաստանի դեմ։
 
Թեեւ, Հայաստանի պարագայում էլ Չինաստանը զերծ չմնաց դրանից։ 2020-ի հոկտեմբերին Չինաստանը վետո դրեց ՄԱԿ-ի բանաձեւին, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում։ Այդ օրերին հայտնի դարձավ, որ Չինաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել մասնավորապես տրանսպորտային միջանցքների եւ Չինաստանին արտոնություններ տրամադրելու մասին։
 
Զորքերի դուրսբերման հայտարարությունից հետո Ռուսաստանը Պուտինի ու Լավրովի բերանով շտապեց հայտարարել, որ ռուս-թուրքական համաձայնությունները Հայաստանի վերաբերյալ մնում են ուժի մեջ, իսկ ռուս-թուրքական գործիքը՝ Բաքուն, հերթական հարձակումը գործեց Հայաստանի դեմ՝ որպես ասվածի ապացույց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play