17-01-2022 17:22:15 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստան հիմնադրամի հաղորդագրությունից:
Շահառուները՝ Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են:
Մինչև սույն թվականի հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք:
Հիմնադրամի համար կարևոր ձեռքբերում է մարդկանց կեցության պայմանների բարելավումը, նրանց համար հեռանկարային ապագայի հիմքերի ստեղծումն ու հավատի ամրացումը:
Նշենք, որ Արցախում բնակարաններով են ապահովվել Հադրութից և Շուշիից տեղահանված, զոհված զինծառայողների, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները: