Խորհրդակցել եմ մասնագետների, նախկինում բանակցողների հետ. Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին


Խորհրդակցել եմ մասնագետների, նախկինում բանակցողների հետ. Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

  • 18-01-2022 14:41:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի հետ բանակցությունների համար ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է մասնագետների, նախկինում բանակցողների և բանակցությունների մասնակցածների հետ, իր հետ կա աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի ելույթին:
 
Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների ցածր որակի պատճառն այն է, որ իրենք՝ պատգամավորները, միմյանց հետ չեն խոսում, այլ խոսում են «աղմուկային տրամաբանությամբ»: Ռուբինյանը դժգոհեց ընդդիմության տված հարցադրումներից, ըստ նրա՝ դրանք բովանդակային պատասխաններ ակնկալող հարցեր չեն եղել: «Ինչի՞ մասին է եղել հարցադրումների մեծ մասը. ի՞նչ հիմքով է ներկայացուցիչը նշանակվել, մեքենայի վրա դրոշ կա՞ր, թե՞ ոչ»,-ասաց Ռուբինյանը:
 
Անդրադառնալով, ըստ նրա, բովանդակային հարցերին, մասնավորապես հարցին, թե արդյոք կա աշխատանքային խումբ իր հետ՝ Ռուբինյանը դրական պատասխան տվեց:
 
«Այո, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Իսկ, թե արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցողների հետ. այո, իհարկե խորհրդակցել եմ և շարունակելու եմ խորհրդակցել»,-ասաց նա, սակայն անուններ չհնչեցրեց, քանի որ, իր խոսքով, թույլտվություն չի վերցրել:
 
Հարցին՝ Ռուբինյանը ստորագրելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ, բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ ինքը ներկայացուցիչն է: Սուբյեկտը, որը կայացնում է որոշումը՝ կառավարությունն է:
 
«Ես շատ բաց եմ բովանդակային քննարկումների համար՝ թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային: Եվ ես գնահատում եմ ցանկացած բովանդակային հարցադրում, բայց ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց Ռուբինյանը:
 
Անդրադառնալով «ազդեցության գործակալների» թեմային՝ նա ասաց, որ իր համար քաղաքական դաշտի, պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է:
 
«Ես խնդիր ունեմ այն բանի հետ, որ քաղաքական ուժերը, կախված կոնֆիգուրացիայից, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ստեղծում և զգայուն թեմաները, վախը, զգացմունքները, ցավը՝ փորձում են կապիտալիզացնել»,-ասաց Ռուբինյանը:
 
Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է կասկածների, մանիպուլյացիաների միջոցով իրեն ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ: Իր խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը փորձել է ակնակարկել, թե ինքը գուցե թուրքական ազդեցության գործակալ է:
 
«Ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից են, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժի ներկայացուցիչներ, որը, ըստ Աստվածատուր Ասատուր Խաչատրյանի օրագրության, 1918 թվականին այցելել են Պոլիս ու ասել են սուլթանին, որ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային….մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև…  Ես գնահատական չեմ տալիս: Ձեր խմբակցությունը կամ ձեր խմբակցության անդամները, միայն այն փաստի բերումով, որ ես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչն եմ, փորձում են կասկած սերմանել կամ ակնարկել, որ ես Թուրքիայի ազդեցության գործակալ եմ, արդյոք 1918, 1919, 1921, 2003- 2007 թթ. այն գործիչներին, որոնք տարբեր առնչություններ են ունեցել Օսմանյան կայսրության, Թուրքիայի, Ադրբեջանի հետ, նման բան կակնարկեի՞ք, եթե ապրեիք այն ժամանակներում»,-ասաց Ռուբինյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին:
 
Նրա խոսքով՝ մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ թուրք, գործակալ, դավաճան արտահայտությունները: Ռուբինյանը կոչ արեց բոլորին մտնել բովանդակային դաշտ:
 
«Ես և մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,-ասաց նա՝ կոչ անելով երկու ընդդիմադիր խմբակցություններին արտահայտել դիրքորոշում, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:
 
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը