Հայաստան դաշինքը վերահաստատում է հավատարմությունը Պուտին-Փաշինյան-Ալիեւ պակտին


Հայաստան դաշինքը վերահաստատում է հավատարմությունը Պուտին-Փաշինյան-Ալիեւ պակտին

  • 19-01-2022 11:42:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Իշխող ՔՊ խմբակի եւ Հայաստան դաշինքի «հակադրամիասնության» եւ աշխատանքի բաժանման ցցուն դրսեւորումները շարունակվում են։ Մոսկովյան պողպատի մանդատակիրները երկիրը շարունակում են տանել անէացման ճանապարհով
 
Հայաստան դաշինքի եւ ՀՅԴ կարկառուն դեպուտատ, դիմադրության շարժման առաջամարտիկ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը կատարված են, բացի գերիների վերադարձի կետից, և հայկական կողմը պետք է ձգտի «նոր եռակողմ, մեզ համար նպաստավոր պայմանագրի կամ հայտարարության»։ Լրագրողները նրան նաեւ հիշեցրել են իրենց առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ըստ որի՝ իշխանության գալու դեպքում եռակողմ հայտարարությունը մնալու է, չի վիճարկվելու։
 
Հայկական քաղաքական դասի ներկայացուցիչներին եւ նրանց խոսքերին ընդհանրապես պետք է մոտենալ մեղմ ասած վերապահումներով, նկատի առնելով այդ դասի գերակշիռ մասի անմեղսունակության եւ անհամարժեքության կանխավարկածը։ Միեւնույն ժամանակ, հայկական քաղաքական դաշտը մոսկովյան կարգավորումներով գրավել է քաղաքական-քաղաքագիտական ռուսանպաստ զանգվածը եւ ագենտուրան՝ մեդիա հսկայական ռեսուրսներով, որի նպատակներն ու թիրախները պարզ են բոլորին՝ Հայաստանի դեմ մոսկովյան ծրագրերի անխափան իրագործումը։
 
Ներքաղաքական «դիմակայությունը» չպետք է դուրս գա «եռակողմ» ձեւաչափի շրջանակներից։ Իշխող խմբակը կատարում է մոսկովյան հրահանգները, խորհրդարանի «ընդդիմությունը»՝ վերահսկում եւ արդարացնում ՌԴ գործողությունները եւ ՌԴ-Թուրքիա-Բաքու համաձայնությունները՝ հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարվելու երաշխիքով (վկա՝ եռակողմ նոր «նպաստավոր» թղթեր ստորագրելու ցանկությունը)։ Այդ թվում՝ ուզուրպացնելով հանրային հնարավոր ու անհնար նախաձեռնությունները, ինչպես, օրինակ, դիմադրության գաղափարը։ Զուր չէ, որ «դիմադրության շարժման» հռչակումից ի վեր հընթացս փոխվում են դրա «թեմաները»։
 
Հասկանալի է, թե ինչու՝ ցանկացած թեմա առնչվում է Ռուսաստանին։ «Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման» ծրագիրն էլ ռուս-թուրքական համաձայնություն է, միջանցքներն էլ, Արցախի խնդրի քաղաքական կարգավորման բացառումն էլ, Հայաստանի դեմ հիբրիդային աննախադեպ պատերազմն էլ։ Հայ ինքնության հենասյուների՝ լեզվի ու եկեղեցու դեմ արշավն էլ, 3+2-ն էլ, «հայ-թուրքական կարգավորումն» էլ, եւ այդ մասին հենց ՌԴ առաջին դեմքերն են խոստովանել, չխոսելով արդեն թուրքերի մասին։ Դիմադրության իմաստը այս ծրագրերի ամբողջական մերժումն է, «ընտրովի» մերժումը նպաստում է դրանց անխափան իրականացմանը, օրինակ՝ Հայաստանի թրքացմանը։
 
Հայաստանի խնդիրներն անլուծելի չեն, իրավիճակն էլ անելանելի չէ։ Եռակողմ ձեւաչափին հավատարմության հիմքով ձեւավորված ռուսանպաստ իշխանություն-«ընդդիմություն» պարտադրված համակարգը պետք է մերժվի ռուս-թուրքական ծրագրերի հետ միասին։ Արդեն մերժվում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը