Գյումրիի տնակային ավաններում ապրող ընտանիքները վառելիքի խնդրի առաջ են կանգնել


Գյումրիի տնակային ավաններում ապրող ընտանիքները վառելիքի խնդրի առաջ են կանգնել

  • 22-01-2022 19:53:50   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Տնակային ավանում բնակվող Գրիգորյանների վառելափայտն արդեն վերջացել էր ու բազմազավակ ընտանիքը մնացել էր հարևանների տված պլաստմասե արկղերի հույսին, երբ օգնության հասավ տեղի բարեգործական կազմակերպություններից մեկը։
 
Տնակի վերածված գնացքի վագոնում ապրող ընտանիքի միակ աշխատողը հայրը՝ Կարապետ Գրիգորյանն է, բայց նա էլ սրտի վիրահատությունից հետո ծանր աշխատանք չի կարող կատարել։ Խստաշունչ այս ձմռանը ընտանիքը մնացել է 48 հազար դրամ նպաստի հույսին. ծնողները չգիտեն՝ դրանով չորս երեխաներին պահեն, վառելիքի հարց լուծեն, թե Կարապետի դեղերը գնեն։
 
«Գոյատևում ենք նպաստով՝ 48 հազար դրամ, ոչ կարանք վառելիք հասցնենք, ոչ սնունդ, ոչ էլ դեղորայք առնենք, մենակ 20 քանի հազար 10 օրվա իր դեղն ա անում, պիտի երկու ամիս էդ դեղերը խմի, մի 5 օրվա առել եմ», - ասաց Կարապետի կինը՝ Լիաննան:
 
Տան հոգսը հիմա 35-ամյա Լիաննայի վրա է, ասում է՝ սեզոնը բացվի, կգնա դաշտերում աշխատելու. «Ամառը գնում էինք հարևանների տունը աշխատելու ես ու ամուսինս, ես կարտոֆիլ էի հավաքում, ինքը գռուզչիկություն էր անում, էն էլ հիմա իրան ծանր գործ չի կարելի, սիրտն է: Էլի ամառը, որ բացվի, կգնամ կաշխատեմ էրեխեքիս համար, ի՞նչ անեմ»:
 
Գյումրիի տնակային ավաններում, որտեղ դեռ շուրջ 3000 ընտանիք է բնակվում, ձմռանը վառելափայտ «Շիրակ» կենտրոնն է բաժանում, դիմումի դեպքում որոշ հատկացումներ նաև քաղաքապետարանն է անում։ Ժամանակավոր կացարաններում ապրողների մեծ մասը սոցիալապես անապահով՝ միայնակ ծերեր կամ էլ բազմազավակ ընտանիքներ են։ Շատերը վառում են ինչ հայթայթում են՝ շոր, կոշիկ, պլաստմասե տարաներ:
 
«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ համավարակից ու պատերազմից հետո իրենց բարերարները վառելիքի ծրագիրը նախկինի պես ակտիվ չեն ֆինանսավորում, թեև իրենք դիմողների պակաս չունեն:
 
«Վառելափայտի ծրագիրն էլ ամենծանր, ամենադժվար, ամենաֆինանսատար, բայց ամենաանհրաժեշտ ծրագիրն է, որովհետև մարդը կարող է սոված մնալ, բայց առանց ջերմության չի կարող մնալ: Փորձում ենք նորից շարունակել, անշուշտ պահանջարկը շատացել է, բայց մեր հնարավորություններն են փոքրացել՝ հասկանալի պատճառներով. սահմանային, Արցախի խնդիր, պատերազմ, նաև աղետի գոտու, տնակների խնդիրը կարծես թե հնացել է և մոդայիկ չի այլևս», - ասաց Թումասյանը:
 
Երկար տարիներ անօթևանների խնդիրներով զբաղվող կենտրոնի ղեկավարը նկատել է, որ վերջերս Գյումրիում ծայրահեղ աղքատությունն ավելի է խորացել: Սա նաև պաշտոնական վիճակագրությունն է փաստում։ Վիճակագրական կոմիտեի վերջին ուսումնասիրության համաձայն՝ եթե 2019-ին Շիրակի մարզում ծայրահեղ աղքատ է եղել 1.7 տոկոսը, ապա 2020-ին այդ ցուցանիշը հասել է 2.2 տոկոսի։ Բարձր է նաև աղքատության ցուցանիշը՝ գրեթե 43 տոկոս։ Այս դեպքում, սակայն ցուցանիշը որոշակիորեն նվազել է՝ 2019-ին այն կազմում էր 48 տոկոս։ Հայաստանում աղքատ է համարվում բնակչության 27 տոկոսը։
 
Չորս երեխայի մայր Սոնա Ղազարյանը չգիտի՝ իր ընտանիքը վիճակագրական որ սյունակում է տեղավորվում՝ աղքատների, թե ծայրահեղ աղքատների, բայց մի բան հստակ է՝ այս ձմեռ վառելիք գնել չեն կարողացել, նպաստն ու ամուսնու օրավարձը չեն հերիքում: «Ստեղից, ընդեղից, հարևանները, որ ունենում են տալիս են շորեր վառելու, թեկուզ էրեխեքին եմ հագցնում, մի կերպ ապրում ենք էլի», - ասաց Ղազարյանը:
 
Մի կողմից ցուրտը, մյուս կողմից քայքայված տնակը տաքանալու խնդիրն էլ ավելի են բարդացնում։ Երիտասարդ կինն ասում է՝ լավ է գոնե մայրն էր գյուղից աթար ուղարկել. «Մի երկու մեշոկ աթար կա, մամաս է ուղարկել, գյուղում է ապրում, հավաքում է»:
 
Այս օրերին Գյումրիում գիշերը ցուրտը հասնում է -27-ի աստիճանի։ «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ կանխելու ցրտահարության դեպքերը։ Ի դեպ՝ նման դեպք օրերս գրանցվել էր. միայնակ ապրող մի կին էր ցրտահարվել. Թումասյանի ահազանգից հետո մարզպետարանի աշխատակիցները նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ ոտքերի ցրտահարություն է ախտորոշվել:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը