Սահմանադրության համաձայն նախագահի պարտականությունները կատարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը


Սահմանադրության համաձայն նախագահի պարտականությունները կատարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

  • 23-01-2022 21:32:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական ներկայացնել ՀՀ նախագահի պաշտոնից։ Այս տեղեկությունը տարածելուց հետո համացանցում արդեն հետաքրքրվում են, թե ո՞վ կփոխարինի Արմեն Սարգսյանին այս պաշտոնում։
 
Սահմանադրության 144 հոդվածը այս հարցին ժամանակավոր լուծում է տալիս՝ մինչև կընտրվի նոր նախագահը։
Ըստ այդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
 
Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
Նշենք, որ նոր նախագահը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը