Ֆրանսիան սկսել է իր դիվանագետների ու նրանց ընտանիքների տարհանումն Ուկրաինայից


Ֆրանսիան սկսել է իր դիվանագետների ու նրանց ընտանիքների տարհանումն Ուկրաինայից

  • 24-01-2022 14:56:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի աղբյուրներին։
 
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում առաքելություն իրականացնող որոշ աշխատակիցներ լքում են երկիրը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից իբր աճող սպառնալիքի։
 
Նույն պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում հրահանգել էր Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Ուկրաինան, ինչպես նաև թույլատրել՝ դիվանագիտական առաքելության որոշ աշխատակիցների դա անել կամավոր։
 
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը ամենալուրջ հետևանքներն են ունենալու։
 
ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Արևմտյան տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ, սակայն, պնդում են ճիշտ հակառակը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը