Գիտական թեմա․ Հայաստանի համար առաջին անգամ ուսումնասիրվելու է պեստիցիդների վնասակար ազդեցությունը վարելահողերի սննդային շղթայի վրա


Գիտական թեմա․ Հայաստանի համար առաջին անգամ ուսումնասիրվելու է պեստիցիդների վնասակար ազդեցությունը վարելահողերի սննդային շղթայի վրա

  • 26-01-2022 15:13:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:  
 
Ծրագրի ղեկավար, նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը մեզ հայտնեց, որ գիտական խմբում ընդգրկված են Կենսաբանության ֆակուլտետի 1 ասպիրանտ, կենսաբանական գիտությունների 3 թեկնածու և կենսաբանական գիտությունների 1 դոկտոր:  
 
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի լեռնատափաստանային էկոհամակարգերում սննդային շղթայի տարբեր մակարդակներում ուսումնասիրել և գնահատել պեստիցիդների ազդեցությունը սնկերի, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության, ԴՆԹ վնասվածության աստիճանի և մուտացիաների կուտակման վրա՝ համեմատելով վարելահողերն ու չշահագործվող լեռնատափաստանային տարածքները: Հայաստանում նման ուսումնասիրություն անցկացվում է առաջին անգամ:   
 
Կենսաբազմազանության կորուստը դժվար է հաշվարկել, քանի որ սննդային շղթաներն ունեն բավականին բարդ կառուցվածք, և առանձին տեսակներ տարբեր ձևով են կուտակում վնասակար նյութերը, ասում է Ս. Նանագյուլյանը. «Այնուամենայնիվ, կարելի է ընտրել վայրի էկոհամակարգերի մոդելային խմբեր, որոնց վրա հնարավոր է ուսումնասիրել պեստիցիդների վնասակար ազդեցությունը և մուտացիաների կուտակումը կենսացուցիչ տեսակների մոտ»: Այս նախագծով գնահատվելու է ազդեցությունը հողային սնկեր-բույսեր-փափկամարմիններ-մողեսներ սննդային շղթայի վրա:
 
Նրա խոսքով, Հայաստանի ընտրված մարզերի հողագործների հետ ստորագրվելու են համագործակցության համաձայնագրեր վարելահողերի վրա գիտական աշխատանքներ իրականացնելու համար: Այդ տարածքներում ընտրվելու են փորձարարական և ստուգիչ (չշահագործվող) հողակտորներ. «Վերլուծությունները հնարավորություն կտան գնահատել կենսաբազմազանության կորուստը՝ պայմանավորված օրգանիզմների առողջության վրա պեստիցիդների բացասական ազդեցությամբ»: 
 
Ծրագրի ղեկավարը վստահ է, որ ստացված արդյունքները կիրառական և հիմնարար մեծ նշանակություն են ունենալու գյուղատնտեսության, կենսաբանության ոլորտներում, իսկ հավաքագրված տվյալները նպաստելու են Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը. «Շահագրգիռ կողմերին առաջարկություններ են ներկայացվելու օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ»: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ