Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերջնական որոշում կայացված չէ. Աղաջանյան


Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերջնական որոշում կայացված չէ. Աղաջանյան

  • 27-01-2022 18:00:16   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր մամուլում լուրեր հայտնվեցին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է մարտի 11-14-ը:

Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ այդ հայտարարությանը՝ նշելով, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերջնական որոշում կայացված չէ: «Ես մինչ այստեղ գալը հասցրել եմ պարոն Ռուբինյանի հետ քննարկել հարցը, և կարող եմ ասել, որ մինչ այս պահը մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,- նշեց նա։

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ նման լուրերն առաջինը հայկական կողմից չենք իմանում, Աղաջանյանը պատասխանեց․ «Իսկ ուզում եմ հասկանալ կոնկրետ այս հարցի վերաբերյալ առաջինը հայկական կողմից լսելու կարևորությունը կամ հարցի կոնտեքստում Թուրքիայի ներկայացուցչի կողմից առաջինը ինֆորմացիայի ստացումը գործնական ի՞նչ եղանակ է փոխում հայ հանրության համար՝ կոնկրետ հաշվի առնելով հարցի բովանդակությունը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այն մտահոգությունը, որը օբյեկտիվորեն հավանաբար առկա է մեր լրագրողական հանրության կամ դրա մի մասի մոտ»: 

«Հայկական կողմը այդ մասին կհայտներ այն ժամանակ, երբ կոնկրետ որոշում կայացրած կլիներ»,- հավելեց նա։

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական