Ուկրաինական ճգնաժամ. պատերազմը մեծ խնդիրներ է առաջացնելու նաև Հայաստանի համար
31-01-2022 16:30:11 | Հայաստան | Օրվա թեման
Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարո՞ղ է արդյոք այդ լարվածությունը վերաճել ռազմական բախման, փորձագետները չեն շտապում կանխատեսումներ անել, սակայն պնդում են` ստեղծված իրավիճակը վտանգավոր է նաև մեր տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի անվտանգության պահանջներին, ինչին հաջորդեց Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչը իր քաղաքացիներին` անհապաղ լքել Ուկրաինան:
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ռազմական գործողության բարձր ռիսկը, և կա դրա հետագա հանկարծակի վատթարացման վտանգ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինան անհապաղ լքելու մասին»,- նշվում էր հաղորդագրության մեջ: