Ինչպե՞ս է գործելու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին. վարչապետը փակագծեր է բացել


Ինչպե՞ս է գործելու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին. վարչապետը փակագծեր է բացել

  • 03-02-2022 16:52:35   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին և ներկայացրել որոշ մանրամասներ՝ ՌԴ փոխվարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի այցի վերաբերյալ: 
 
«Գիտեք, որ երեկ աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելազյորովը և հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մեր գործընկերների հետ։ Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը. ըստ էության, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։ 
 
Գիտեք, որ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և պայմանավորվածությունների անբաժանելի մաս է հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի՝ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված: Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը։ 
 
Իհարկե, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ որևէ դեպքում, բայց այս դինամիկայով շարունակելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։ Կրկին եմ ասում՝ քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելել է, որ այլևս երկաթգծի վերականգնման հետ կապված պարբերաբար ունենալու են նաև երկկողմ շփումներ: «Ինչո՞ւ, որովհետև, ինչպես  գիտենք, ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներն» են և, ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այս փուլից, ծրագրի հետ կապված առաջընթացում, ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում: Որովհետև նախագծային փուլից սկսած ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո կառուցվի ու անմիջապես շահագործվի առանց խութերի և խոչընդոտների։ 
 
Երկրորդը, կարծում եմ՝  երկկողմ ինտենսիվ քննարկումների փուլ կմտնենք, որովհետև «Ռուսական երկաթուղիներ» կորպորացիան ոլորտում աշխարհի լրջագույն կառույցներից է, և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որ նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար։ Նաև պետք է նշել, թե ինչ հոսքերի վերադասավորում տեղի կունենա, լինեն դա գլոբալ՝ Հյուսիս-հարավ, թե Արևելք-արևմուտք լոգիստիկ ուղղությունները և նաև տարածաշրջանում, համագործակցության արդյունքում մենք այդ ներուժի գնահատականի մեջ ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա, ի վերջո, նաև գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը»,- նշել է փոխվարչապետը: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության անդամներին հիշեցրել է, որ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն, ըստ վարչապետի՝ արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու, այսինքն՝ տեղում նայել կոնկրետ տարածքները, որոշել շինարարության հրապարակների տեղերը: «Արդեն եղել են տեղերում՝ Երասխում, Մեղրիում և գնահատել  են, աշխատանքը նոր է սկսվել։ Երեկվա հանդիպման արդյունքում  աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզն ավելի որոշակի են ուրվագծվում»,- ասել է նա։
 
Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն էլ մանրամասնել է, որ առաջին նիստը եղել է արդեն և հանրապետության առանձին պետական գերատեսչությունների հետ և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան՝ ինչպես պետք է  համագործակցեն. «Իսկապես երեկվա նիստը շատ գործնական էր, ռուսական կողմն իր տեսլականը ներկայացրեց։ Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ՝ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»։ 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական