Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան
08-02-2022 16:10:33 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: Բացի այդ, Լուկաշենկոն հավելել էր, թե «Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ»։
«Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա»,- նշել է Արշակյանը:
Ըստ քաղաքական գործչի` դա «իրենց ներքաղաքական, երկրին վերաբերող հարցերի շուրջ հնչող հայտարարություններ են, որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում Հայաստանում»: Նա հիշեցրեց ՀՀ արտգործնախարարության պատասխան հայտարարության մասին՝ նշելով, որ իր մեկնաբանությունը չի տարբերվում դրանից: