Պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում աջակցել Բելառուսին. Միրզոյանն անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը
09-02-2022 17:16:42 | Հայաստան | Քաղաքական
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարց բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հայաստանի հասցեին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ` խնդրելով ՀՀ արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանի կողմից եղել է համապատասխան արձագանք և Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, ապա հավելեց. «Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն ու մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանը, քննարման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում` մեր երկրում: Պետք է կրկնեմ` մեր խորին համոզմամբ, այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող եք լինել` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնություն չունեն»:
Նախարարը հաստատեց տեղեկությունը, որ երեկ Բելոռուսի դեպանը կանչվել է ԱԳՆ: «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ նման հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնեն միմյանց շահերը ու սուվերենությունը, ինչու չէ` նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտերը, որոնց հիմա վրա մեր երկրների միջև համագործակցություն կա: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք շարունակել հետայսու ևս պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին միջազգային հարթակներում»,- ասաց Արարատ Միրզոյանը: