Փաշինյան. Իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար


Փաշինյան. Իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար

  • 09-02-2022 17:44:57   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին հարց ուղղվեց  զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկի վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղութամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծում: 
 
«Այսինքն,  մենք պայմանավորվել ենք, գրել և ստորագրել ենք, որ նախ պետք է քայլեր ձեռնարկենք անվտանգության և կայունության ուղղությամբ, որից հետո գործը տանենք դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով: Եվ քանի որ մենք այս առումով շահագրգռված ենք, և պետք է տեր կանգնանք մեր պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, որ զինված ուժերը պետք է հայելային հետքաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ  ծառայության ծառայողների, և հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիտորինգ` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 
 
Հաջորդ ֆունդամենտալ հարցն, ըստ վարչապետի,  այն է` արդյո՞ք Հայաստանի և  Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման:  «Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է  ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցության  կազմակերպություն ստեղծելու մասին» համաձայնագրով, որը վավերացվել է և' Հայաստնի, և' Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ: Ընդ որում, մենք պատրաստ ենք լսել այլ առաջարկներ, այլ պատկերացումներ, և մեր խնդիրն է նաև, որ և' միջազգային հանրությունը, և' հայ հանրությունը տեղեկանա, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ, թե գյուղեր են անպաշտպան մնալու և այլն: Չկա նման բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված»,- վստահեցրեց Հայաստանի վարչապետը: 
 
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այդ առաջարկը այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար: Ըստ նրա` կա սահմանային գիծ, և իրենք կարծում են, որ այդ գծով հետքաշում պետք է տեղի ունենա, ընդ որում` արձանագրելով, որ դա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները: 
«Այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների հիման վրա, և դրանց էությունը նար մեր խորհրդարանական գործընկերների կողմից պետք է պատշաճ ձևով կոմունիկացվի միջազգային հանրությանը, որովհետև կարծում եմ` այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար, և մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ իրողությունները, որ ահա կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- ասաց նա: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական