Վերջին մեկ տարում Ադրբեջանին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին. ՀՀ վարչապետ


Վերջին մեկ տարում Ադրբեջանին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին. ՀՀ վարչապետ

  • 09-02-2022 17:59:31   | Հայաստան  |  Քաղաքական

Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս երկուսը: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: 
 
Նշենք, որ պատգամավորը  հարց էր ուղղել՝ արդյո՞ք օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: 
 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը. «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել: Մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա»,- ասաց Փաշինյանը: 
 
Հայաստանի վարչապետի խոսքով՝ հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: «Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,- ասաց Փաշինյանը:
 
Նա նշեց, որ Հայաստանն ակնկալում է, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի  անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում կհաջողվի համագործակցություն հաստատել.  «Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,- ասաց ՀՀ վարչապետը: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական