Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. Գրիգորյանն արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ին


Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. Գրիգորյանն արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ին

  • 10-02-2022 14:34:46   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման, բայց իբր Հայաստանը նոր նախապայմաններ է առաջ քաշում: 
 
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը պարզապես պահանջել է, որպեսզի իրագործվեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման ժամանակ:
 
«Հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը: Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա. երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն: Կա մեկ այլ կարևորագույն հանգամանք, երբ ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել դրա վրա և սրացումներ լինեն»,- ասաց նա:
 
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը` ԱԽ քարտուղարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելուն, Արմեն Գրիգորյանն ասաց. «Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ, կարծում ենք՝ քանի ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել: Քանի դեռ չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է. Հայաստանը շարունակելու է աշխատել, որ խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև մենք խնդրին կարգավորում գտնենք»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական