Ընդդիմությունը կարո՞ղ էր վիժեցնել իշխանության սցենարը
11-02-2022 20:20:33 | Հայաստան | Քաղաքական
«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Այս դիրքորոշումը, մի կողմից, հասկանալի է, որովհետև իշխանությունը որոշել է մեխանիկական մեծամասնության տրամաբանությամբ` իրեն «ճիշտ հանել» նշանակելով պարտության «մեղավոր» կամ «մեղավորներ»:
Այո, խորհրդարանական քննիչ հանձնաժողովները ընդդիմության գործիքակազմն են, որոնց միջոցով վերահսկելի ու հաշվետվողական է դարձվում իշխանության գործունեությունը։
Իշխանությունը ընդդիմությանը նման շանս տալ չի ցանկանում, բայց արդյո՞ք ընդդիմության բոյկոտն արդարացված է, եթե «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն առաջարկում ավելի արդյունավետ այլընտրանքային գործիքակազմ, որը կխանգարի իշխանության մարտավարությանը, որը հանգում է պատերազմի «մեղավորներ» «նշանակելուն»:
Ընդամենը բոյկոտը` որպես գործունեության պասիվ ձև, ոչինչ չի տալու, որովհետև Փաշինյանն` ընդդիմության հետ կամ առանց նրա, իրեն «արդարացնելու» է, «մեղավոր» է «նշանակելու» գեներալիտետին` Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։
Ընդդիմությունը կարո՞ղ էր հանձնաժողովին ակտիվ մասնակցությամբ վիժեցնել իշխանության սցենարը։
Դժվար գործ է, բայց միանգամայն հնարավոր։
Բոյկոտն էլ է ճանապարհ` իշխանության սցենարը վիժեցնելու համար, եթե դառնա ոչ թե քաղաքական պարապուրդ, այլ այլընտրանքային լուծման բանալի։