Ախալքալաքի Թումո տուփն ընդունեց առաջին ուսանողներին


Ախալքալաքի Թումո տուփն ընդունեց առաջին ուսանողներին

  • 17-02-2022 11:43:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վրաստանի Ախալքալաք քաղաքի Թումո տուփն ընդունեց իր առաջին ուսանողներին:
 
Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի միջև 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած  համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրն այժմ արդեն հասանելի է ջավախքցի պատանիներին։
 
ՀՕՄ Ջավախքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը նշեց.
 
«Համոզված ենք, որ այս ծրագիրը կոգեշնչի մեր երիտասարդներին` զարգացնելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում իրենց հմտությունները: Հույս ունենք` ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կշարունակի աճել և մենք կընդլայնենք մեր
համագործակցությունը Թումոյի հետ»: 
 
Սա Թումոյի կրթական ծրագիրը Ջավախքի պատանիներին հասանելի դարձնելու առաջին քայլն է` ապագայում ընդլայնման հնարավորությամբ: Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայից և հարակից այլ բնակավայրերից Թումո տուփ հաճախող շուրջ 200 պատանիներ ինքնուսուցման վարժանքների միջոցով ծանոթանում են ծրագրի 14 ոլորտներին, այդ թվում` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի մշակում, ծրագրավորում և լուսանկարչություն: 
 
Շնորհավորելով Ախալքալաքի տուփում դասերի մեկնարկը` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ասաց. «Ախալքալաքում Թումո տուփի բացումը մեզ համար շատ խորհրդանշական է: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս և միաժամանակ
ծառայելով հարյուրավոր հայ պատանիների` այս նոր տուփը հաստատում է մեր առաքելությունը, այն է` հասանելի դարձնել մեր նորարարական կրթությունը յուրաքանչյուր հայ պատանու»:
 
Ախալքալաքի Թումո տուփի գրանցումը բաց է 12-ից 18 տարեկան պատանիների համար` tumo.org/register/ 1910 հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և ոչ հայերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին:
 
Թումոն պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացված է դիզայնի և  տեխնոլոգինարի ոլորտներում: Հայաստանում և Արցախում այժմ գործում է չորս կենտրոն ու վեց Թումո տուփ, իսկ վերջին տարիներին գործարկվել է յոթ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում և
Կիևում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն