Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին այցելել է «Երեմյան Ակադեմիա»


Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին այցելել է «Երեմյան Ակադեմիա»

  • 24-02-2022 16:31:23   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին սույն թվականի փետրվարի 21-ին հյուրընկալվել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Ակադեմիայում»։
 
Ահլամ ալ Սալամին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ շրջայց է կատարել Ակադեմիայում, ծանոթացել վերջինիս կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ուսանողների համար ստեղծված պայմաններին։ ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ծանոթացել է Ակադեմիայի ուսումնական ծրագրերի ղեկավար, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանին, շփվել ուսանողերի հետ։ 
Շրջայցից հետո Դավիթ Երեմյանը, Աիդա Տիգրանյանը և Ահլամ ալ Սալամին քննարկել են արդյունավետ համագործակցության հնարավոր ուղիներն ու ձևաչափը։ 
 
Ահլամ ալ Սալամին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության  համար և նշեց, որ վերջին չորս տարվա ընթացքում գտնվելով Հայաստանում՝ ակներև են դարձել ռեստորանային ոլորտում առաջընթաց ու դրական փոփոխությունները, և այդ գործում նկատելի և գնահատելի են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներդրումն ու ջանքերը. 
 
«Ողջունելի է, որ Ակադեմիայի նման կրթական կառույց է գործում Հայաստանում, և այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ուսանողները յուրացնեն տեսական գիտելիքները և դրանք կարողանան կիրառել գործնականում։ Հատկապես շատ  կարևոր է, որ հատուկ ուշադրություն եք դարձնում օտար լեզվով դասընթացներին։ Քանի որ ԱՄԷ-ում ևս կան այսպիսի կրթական կենտրոններ, կարծում եմ շատ հետաքրքիր և արդյունավետ համագործակցություն կստացվի, եթե Հայաստանի և ԱՄԷ-ի ուսանողների համար կազմակերպվեն հանդիպումներ, վարպետաց դասեր և ստեղծվեն փորձի փոխանակման հարթակներ»,- նշել է  Ահլամ ալ Սալամին և հավելել.
«Խոհանոցը տվյալ երկրի, մշակույթի մասին պատմելու յուրահատուկ ձևերից մեկն է։ ԱՄԷ-ում ավելի քան 200 ազգի ներկայացուցիչներ կան և կարծում եմ, որ ԱՄԷ-ում հայկական ռեստորաններ բացելը ձեր ազգային խոհանոցն աշխարհին ճանաչելի դարձնելու հնարավորություններից կարող է լինել։ Հատկապես, որ «Երեմյան Փրոջեքթսը» տեղի առաջատար ընկերություններից է, ունի տարիների մեծ պատմություն և փորձ։ Արաբական Միացյալ Էմիրությունների շուկան էլ բավականին ազատ մրցակցային պայմաններ ունի և բաց է համագործակցությունների համար»։ 
 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, անդրադառնալով հնարավոր համագործակցություններին, նշել է. 
«Մեր 15-ամյա գործունեության ընթացքում երկու գործոն ենք մշտապես կարևորել՝ կրթությունը և որակը: Մասնագիտական կրթություն ապահովելու նպատակով ստեղծեցինք տարածաշրջանում եզակի այս կրթական կառույցը, որտեղ ուսումնառում են սկսնակ մասնագետները և իրենց հմտությունները կատարելագործում են արդեն գործողները: Այսօր արդեն մեր առջև նպատակ ենք դրել նպաստել ռեստորանային ոլորտի զարգացմանը ոչ միայն մայքաղաքում այլև Հայաստանի բոլոր մարզերում»։ 
Մեր ռեստորաններում մատուցվող սննդի կայուն որակն ապահովելու նպատակով նոր բիզնես մոդել մշակեցինք՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որով գործում ենք վերջին տարիներին։ Մոդելը թույլ է տալիս վերահսկել արտադրանքի ստացման ամբողջ գործընթացը՝ թարմ ու որակյալ մթերքը մեր ֆերմաներից հասցնելով ռեստորանների հմուտ խոհարարներին»,-ասել է Դավիթ Երեմյանը և խոսելով համագործակցության եզրերի մասին՝ հավելել. 
 
«Ինչ վերաբերում է հայկական խոհանոցն այլ երկրներում ներկայացնելուն և ուսանողների փորձի փոխանակմանը՝ միանշանակ, կողմ եմ արդյունավետ ու խելամիտ համագործակցության, որը կօգնի մեր մշակույթն ու խոհանոցային ավանդույթները տարածել ամբողջ աշխարհում»։ 
 
«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանն իր խոսքում նշեց. 
«Մենք միշտ աշխատում ենք մեր ուսումնական ծրագրերի կատարելագործման ուղղությամբ։ Ունենք դասընթացներ հենց անգլերեն, ռուսերեն լեզուներով, և ըստ պահանջարկի, նաև հատուկ դասընթացներ ենք կազմակերպում։ Այս տեսանկյունից՝ փորձի փոխանակումը երկուստեք արդյունավետ կարող է լինել, քանի որ միշտ պատրաստ ենք կիսվել մեր փորձով ու նոր գիտելիքներ ձեռք բերել։ Նաև նշեմ, որ տարբեր երկրների խոհանոցների մասին պատմելիս  կարևորում ենք ոչ միայն զուտ ուտեստի մասին խոսելը, այլև տվյալ երկրի պատմությունն ու ավանդույթները ներկայացնելը։ Այս առումով Երեմյան Ակադեմիան սոսկ խոհարարական ուսուցում ապահովող կառույց չէ, այլ  ազգային մշակույթ հանրայնացնող եզակի կենտրոն»։ 
 
Ինչպես նշեց ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին, շուտով Դուբայում և Երևանում տեղի են ունենալու խոշոր համաժողովներ և ֆորումներ տարբեր՝ այդ թվում ռեստորանային ոլորտի գործարարների համար, ինչը կարող է քննարկումների, փորձի փոխանակման, կապերի ձեռքբերման և ամրապնդման, ինչպչես նաև նոր համագործակցությունների սկիզբ լինել։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կրկին հանդիպել և ավելի մանրամասն քննարկել հնարավոր համագործակցությունները։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն