Կրեմլը խոշորագույն սխալ գործեց


Կրեմլը խոշորագույն սխալ գործեց

  • 26-02-2022 16:42:17   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Պատմաբան Արմեն Այվազյանը գրում է
 
«2020-2022 թթ. Կրեմլը խոշորագույն սխալ գործեց՝ հարավում թուրքերին (Հայաստանի հաշվին) զիջելով իր ռազմավարական դիրքերը, իսկ դրա փոխարեն արևմուտքում պատերազմ մղելով Ուկրաինայի սլավոնների դեմ։ Ճիշտ է, Ուկրաինան այլևս չի մնալու հակառուսական պետություն ու չի վերադառնալու իր երեկվա սահմաններին։ Բայց ուկրաինական պատերազմը  քայքայելու է Ռուսաստանի տնտեսությունն ու ներքին կայունությունը, ծայրաստիճան քամելու է նրա ռեսուրսները։
 
Այնինչ իր հարավում՝ Կովկասյան ճակատում Ռուսաստանն ինքն իրեն զրկել է մարտունակ ու ստվարաթիվ դաշնակից բանակ ունենալու պատեհ հնարավորությունից և հզորացրել է իր դարավոր իսկական թշնամիներին՝ թուրքերին։
Բոլոր հույսերը, թե իբր Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ են հաստատելու, ցնդաբանություն են։ Այդ հույսերը փշրվելու են թուրքերի ու ադրբեջանցիների հայատյաց ու ագրեսիվ քայլերի պատճառով։ 
 
Հետևաբար, ռուսների համար թուրքերին զիջումներ անելու հարցը դարձյալ կարող է օրակարգային դառնալ, բնականաբար Հայաստանի ու հայերի հաշվին։ Կարող է նաև կրկնվել 1917-1920 թթ. իրավիճակը, երբ ռուսական բանակը պարզապես թողեց-հեռացավ տարածաշրջանից։ Պատրա՞ստ ենք լինելու այդ պահին միայնակ դիմագրավել թշնամուն։ Դատելով նիկոլական խունտայի՝ Հայկական բանակն ամբողջությամբ կազմալուծելու հետևողական քաղաքականությունից, մեր ռազմական անվտանգության ներկա տխուր վիճակն առայժմ բարելավվելու շանսեր չունի։ 
 
Կարծես, Մոսկվայում ևս նախընտրում են Հայկական բանակը տեսնել հենց այսպիսի վտիտ վիճակում։ Այլապես 2020 թ. պատերազմից հետո լրջորեն կօժանդակեին Հայկական բանակին վերականգնվելու և վերակառուցվելու հարցերում։ Իզուր չէր Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանցի հայտնի «վերլուծաբաններից» մեկը գրում, թե «եթե մի օր ռուս-թուրքական պատերազմ լինի, ապա թուրքերի դեմ նորից կկռվեն Ռուսական բանակը և նրա կողքին հայկական կամավորական ջոկատները»։ Ուշադրությու՛ն՝ կկռվի ոչ թե Հայկական բանակը, այլ «հայկական կամավորական ջոկատները» («армянские добровольческие отряды»), որ տարբեր հասկացություններ են։
 
Ժամանակն է գիտակցել, որ Հայկական բանակ պետք է մե՛զ ու միա՛յն մեզ։ Բայց այս անգամ մեզ պետք է ՀԱՅԿԱԿԱՆԱՑՎԱԾ Հայկական բանակ, ոչ թե այնպիսին, որն ունեինք 1995-2020 թթ.։ Կհասցնե՞նք արդյոք մինչև X օրի գալը...»: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play