ՀՀ նախագահի ընտրության հարցը` իշխանություն-ընդդիմություն դեբատի ստվերում


ՀՀ նախագահի ընտրության հարցը` իշխանություն-ընդդիմություն դեբատի ստվերում

  • 02-03-2022 20:20:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցն այսօր խորհրդարանում անշուք ընթացք ունեցավ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված նախագահի միակ թեկնածուի` Վահագն Խաչատրուրյանի թեկնածության քննարկումը բոյկոտեց ընդդիմությունը: Մինչ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարում էր օրակարգային հարցը, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը եւ «Պատիվ ունեմ»-ը, լքեցին նիստերի դահլիճը։ 
 
Խորհրդարանի միջանցքում արդեն «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողներին ասաց, որ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, և ընդդիմությունը նպատակ չունի լեգիտիմացնել այդ գործընթացը։
 
«Ոչ միայն ընդդիմությունը բոյկոտել է այս գործընթացը, այլ նաև Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։ Ասում են՝ «ՔՊ»-ն առաջադրեց նախագահի թեկնածու, դրանք բոլորը հեքիաթներ են։ Այս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը հանրայինի եթերում բառացի ասել է՝ ես այս քաղաքական թիմի անդամ եմ։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամենը մոռացվում է այդ հայտարարությունից հետո։ Այս գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն մենք բացարձակ չունենք»,-  հայտարարեց Մամիջանյանը։
 
Իշխող քաղաքական ուժն էլ, իր հերթին, մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Վահագն Խաչատրյանին հարց հղելու համար հերթագրվեցին միայն ՔՊ-ական ութ պատգամավորներ։
 
Իշխանական պատգամավորների շրջանում առավել քննարկվեց ընդդիմության որոշումը՝ չմասնակցելու ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նկատեց` հարցի քննարկումը տեղի է ունենում ԱԺ 1/3-ի բացակայության պայմաններում։ «Սա այլևս ԱԺ ընդդիմության ձեռնագիրն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բոլոր քաղաքական կարևոր նշանակություն ունեցող գործընթացներից ընդդիմադիրները խուսափում են, չեն մասնակցում, լքում են դահլիճը, քննարկման հարթակները։ Սա առաջին հերթին վիրավորական և արհամարհական վերաբերմունք է ՀՀ ժողովրդի քվեի նկատմամբ։ Սա ըստ էության այդ մանդատի և այդ քվեի մսխում է։ Եվ ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները համապատասխան վերաբերմունք ցույց կտան սույն քաղաքական ուժերին ու միավորներին։ Ինչպես նրանք լքում են բոլոր կարևոր քննարկումները, վստահ եմ, որ նույն միասնականությամբ և համախմբվածությամբ վերջիններս կլքեն ՀՀ քաղաքական դաշտը»,- հայտարարեց Աղաջանյանը։
 
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ կարծիք հայտնեց, թե ընդդիմության բոյկոտի իրական պատճառն այն չէ, ինչ հայտարարվում է. «Որպես այս նիստին չմասնակցելու պատճառ՝ ընդդիմության կողմից նշվում է գործընթացին լեգիտիմություն չհաղորդելու հրամայականը։ Բայց ես կարծում եմ՝ իրական պատճառը դա չէ, որովհետև այստեղ տրամաբանական խզում կա։ Եկեք հիշենք՝ ընդհանրապես ընդդիմությունը ինչ է խոսել կամ ինչ է արել իշխանությունների լեգիտիմության կամ ձևավորման մասին։ Օրինակ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեկը հաճախ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն անվանում է իշխանազավթում։ Ինձ համար դա տարօրինակ է, որովհետև այդ եզրույթն օգտագործող անձի վերևում նստած է իրենց իսկ խոսքով իշխանազավթումից հետո ԱԱԾ տնօրեն նշանակված մարդը, որն իրենց իսկ խոսքով սուրբ նախկինների հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ է արել։ Իր կողքին նստած է մեկ այլ անձ, ով իշխանազավթման արդյունքում դարձել է պատգամավոր Իմ քայլը դաշինքի ցուցակով։ Եվ ամենակարևորը՝ իր կուսակցության ղեկավարի ցուցումով 2018 թվականի մայիսի 9-ին ՀՀԿ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ Հետևաբար, հարց է առաջանում՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցել է իշխանազավթմանը»,- ասաց Ռուբինյանը։
 
Ըստ նրա՝ պակաս անտրամաբանական չէ նաև մյուս ընդդիմադիր ուժերի պահվածքը։ «Երբ մեր Հայաստան խմբակցության գործընկերները փորձում են մեզ համոզել, որ նախկինների ժամանակ ամեն ինչ լավ էր, հարց է առաջանում՝ ՀՅԴ-ն ինչո՞ւ 2018 թվականին լքեց իր կոալիցիոն գործընկերոջը, բայց հետո մի քանի օր անց քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես ՀՀ վարչապետ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել որևէ քաղաքական ուժի կողմից։ Հետևաբար՝ ո՞րն է իմաստը այս դատարկության՝ բառի ֆիզիկական ու բովանդակային իմաստներով։ Իմաստը հետևյալն է՝ մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետև ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով հավակնել այդ պաշտոնին, չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն։ Երկրորդ, նրանք նույնիսկ իրենց միջից չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, որովհետև Հայաստան դաշինք գոյություն չունի։ Պատիվ ունեմ խմբակցություն նույնպես չկա, այդ խմբակցություններում կա երեք-չորս խմբակցություն»,- նշեց նա։
 
Մինչ նիստերի դահլիճում իշխող խմբակցությունը նախագահի թեկնածուին հարցեր էր ուղղում, դահլիճից դուրս լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծիք էր հայտնել, թե Կառավարության ղեկավարը կառավարության նիստում արդեն նշանակել է հանրապետության նախագահին։ 
 
«Մենք մանրակրկիտ քննարկել ենք և մեր դաշինքի խորհրդում, և մեր խմբակցությունում, մեր տեսակետը նույնն է, որ չմասնակցենք ՀՀ նախագահի ընտրություններին։ Հիմնավորումները մի քանիսն են, նախ և առաջ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի։ Այսօրվա նախագահի թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ և նրան ներկայացրել են այսօրվա կառավարության անդամները։ Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն։
 
Չմոռանանք, որ մեր Սահմանադրությամբ ՀՀ գլուխը հանդիսանում է ՀՀ նախագահը։ Հետադարձ հայացք ձգելով չորրորդ նախագահի գործունեությանը, կարող եմ ասել, որ Արմեն Սարգսյանը մի քանի սահմանադրական նորմեր չի պահպանել։ Կարծում եմ՝ քաղաքական թիմի անդամ նշանակված անձնավորությունը չի կարողանալու պահպանել անաչառությունը»,- նշել էր Օհանյանը։
 
Իշխանություն-ընդդիմություն դեբատը ստվերում թողեց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ելույթն ու հարցուպատասխանը: 
 
Ազգային ժողովի ամբիոնից Խաչատուրյանը հայտարարեց, որ պետք է անեն առավելագույնը` ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը և  երկիրը տանելու զարգացման ճանապարհով: «Հաշվի առնելով նաև այսօր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ մենք առավել ևս կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության և վստահության: Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում, չափազանց կարևոր է՝ մենք ի՞նչ պետություն ենք կարողանալու ստեղծել»,- ասաց նախագահի թեկնածուն:
 
Նա նշեց, որ հանրապետության նախագահը պետք է աշխատի իշխանության բոլոր թևերի հետ, ինչպես նաև ոչ իշխանական թևերի՝ կուսակցությունների, ՀԿ-ների, Սփյուռքի կազմակերպությունների հետ:
 
Խաչատուրյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի նախագահի ինստիտուտը ներկայացուցչական է, հետևաբար դրա հնարավորությունները կարող են և պետք է օգտագործվեն ռազմագերիների վերադարձի համար։ 
 
«Գերիների վերադարձը և անհայտ կորածների ճակատագիրը պարզելը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Նախագահի ջանքերը պետք է գումարվեն այն քայլերին, որոնք այսօր արդեն արվում են։ Նախագահի ինստիտուտը կարող է օգտակար լինել, քանի որ այն ներկայացուցչական է, և հետևաբար այս ինստիտուտի հնարավորությունները կարող են և պետք է օգտագործվեն ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասաց նա։ 
 
Նախագահի թեկնածուի հետ հարցուպատասխանից հետո մեկնարկեց նախագահի ընտրության քվեարկությունը, որին էլ հաջորդեց կառավարության անդամների հետ հարցուպատասխանը` հետաձգելով ընտրության արդյունքների ամփոփումը։
 
Նշենք, որ հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 պատգամավոր։ Սա նշանակում է, որ առաջին փուլում ՔՊ-ն միայնակ չի կարողանա ընտրել նախագահ։
 
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
 
Նշենք նաև, որ նախագահի ընտրության հարցի քննարկումն ակտիվ չէր նաև փորձագիտական դաշտում: Վահագն Խաչատուրյանի թեկնածությանն էր անդրադարձել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` նկատելով, որ նա գիտակցված մասնակցում է իշխանությունը կենտրոնացնելու Փաշինյանի քաղաքականությանը: 
 
«Վահագն Խաչատրյանին 90-ականներից ճանաչում եմ։ Պարկեշտ, բանիմաց անձնավորություն է ու այս առումով` ՔՊ-ն հաջող ընտրություն է կատարել։
 
Բայց այստեղ պոզիտիվն ավարտվում է, որովհետև Խաչատրյանը գիտակցված մասնակցում է իշխանությունը կենտրոնացնելու Փաշինյանի քաղաքականությանը։ Սա Խաչատրյանի ընտրությունն է, որի համար նա պատրաստ պետք է լինի արժանանալ բուռն քննադատության` նույնանալով Փաշինյանի, նա ավտորիտար նկրտումների հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն