«Տասն օր առաջ Ուկրաինան հնարավորություն ուներ խուսափել պատերազմից, եթե Մինսկի պայմանավորվածություններիը կատարելու հանձնառություն ստանձներ ու չեզոքություն հռչակեր` անվտանգության երաշխիքների դիմաց։
Պահը բաց է թողնված, հիմա Մոսկվան, ըստ էության, կապիտուլյացիա է առաջարկում` Ղրիմի հանդեպ ռուսական սուվերենիտետ, Ուկրաինայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի ճանաչում, դենացիֆիկացիա` Գերմանիայի օրինակով, և այլն։
Պաշտոնական Կիեւն այս առաջարկությունները չի ընդունում, բայց Ռուսաստանն առաջնորդվում է կայսրության տրամաբանությամբ ու իր օրակարգին կհասնի պատերազմի միջոցով, եթե նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մի քանի բանաձև ընդունի` պահանջելով ռուսական զորքերը դուրս բերել Ուկրաինայից։
Հին աշխարհակարգն այլեւս չի գործում, նրա հետ միասին` միջազգային իրավունքն ու կարգավորումները։
Նման իրավիճակներում թույլ երկիրները պետք է հետապնդեն պրագմատիկ օրակարգեր, եթե չեն ուզում դառնալ համաշխարհային ուժային կենտրոնների բախման թիրախ։
Կապ չունի, թե մեզանից յուրաքանչյուրն ինչքան է հարգում Ուկրաինայի ժողովրդի ազատության ձգտումը կամ ինչ բացասական կարծիք ունենք ռուսական կայսրության տոտալիտար վարքագծի հանդեպ։
Ռեալ պոլիտիկը զեղումներ չի սիրում. Ուկրաինայի բանակն արժանապատիվ դիմադրեց, բայց, մեծ հաշվով, անկարող է երկար ժամանակով դիմակայել իրենից անհամեմատ ուժեղ ռուսական բանակին։
Պատերազմն օրեր անց կավարտվի` կանխատեսելի ելքով, Ուկրաինայի ինչ-որ հատվածում անկախ երկիր, այնուամենայնիվ, կմնա, բայց հին Ուկրաինան այլեւս չի լինելու։ Առնվազն` մինչև այն պահը, երբ կսկսվի ռուսական կայսրության նոր մայրամուտը...
Հ.Գ. ուրախալի է, որ Հայաստանը ՄԱԿ-ում Ռուսաստանից տարբերվող քվեարկություն է անում, բայց մեծ հաշվով` դա ոչինչ չի որոշելու. Հայաստանի տեղը «երկաթյա վարագույրից» այս կողմ արդեն որոշված է»։