Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան՝ Ռուսաստանի և Արևմուտքի արանքում

Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան՝ Ռուսաստանի և Արևմուտքի արանքում

  • 09-03-2022 12:16:15   | Հայաստան  |  Քաղաքական

 
Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակում է ավելի շատ ավերածություններ պատճառել և մարդկային կյանքեր խլել, աշխարհի երկրները, հատկապես Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստիպված էին բարդ ընտրություն կատարել իրենց քաղաքականության, հրապարակային հայտարարությունների և միջազգային կազմակերպություններում քվեարկության մեջ:
 
Չնայած Թուրքիայի  հարափոփոխ  դիրքորոշման  վերաբերյալ մտահոգություններին, ակնհայտ է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը չեն ցանկանում Թուրքիային մղել հակառակ ճամբարը: Նախագահ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալինը գոռոզաբար ասել է CNN-ին, որ արևմտյան երկրները կոչ են արել Թուրքիային պահպանել իր կապերը Ռուսաստանի հետ, ինչը շատ քիչ հավանական է: Մեջբերվել են Էրդողանի խոսքերը. «Մենք չենք կարող հրաժարվել ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Ռուսաստանից»։ Սա բնութագրվում է որպես «ռազմավարական անորոշություն»։
 
Ահա իմ վերլուծությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա այս պատերազմի հետևանքների վերաբերյալ։ Կկարողանա՞ն արդյոք նրանք պահպանել իրենց երկդիմի  դիրքերը, թե՞ կսայթաքեն ու կկորցնեն իրենց դյուրաբեկ հավասարակշռությունը։
 
Սկսենք այն քվեներից, որոնք այս երեք երկրները տվել են հակամարտության վերաբերյալ։ Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 25-ին Եվրոպայի  խորհրդում, որին անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ 47 անդամներից միայն Ռուսաստանն ու Հայաստանն են դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու միջնորդությանը։ Կողմ է քվեարկել 42 երկիր։
 
Ադրբեջանը չի քվեարկել, իսկ Թուրքիան ձեռնպահ է մնացել։
 
Հաջորդ քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը Խորհրդի օրակարգում ներառելու վերաբերյալ: Խորհրդի 47 անդամներից 29-ը կողմ են քվեարկել, 13-ը ձեռնպահ մնացել (ներառյալ Հայաստանը): Ռուսաստանին, հավանաբար, չի գոհացրել Հայաստանի քվեարկությունը։ Մյուս կողմից, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն իր կառավարության գոհունակությունն է հայտնել Հայաստանի քվեարկության կապակցությամբ։ Ավելի կարևոր է, որ մարտի 4-ին Մարդու իրավունքների խորհուրդը քվեարկեց Ուկրաինայում Ռուսաստանի խախտումները հետաքննող հանձնաժողով ստեղծելու օգտին։ Կողմ քվեարկեց 32, ձեռնպահ՝ 13 երկիր (ներառյալ Հայաստանը)։ Ադրբեջանն ու Թուրքիան ՄԱԿ-ի այդ խորհրդի անդամ չեն։
 
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 2-ին բանաձև ընդունեց՝ կոչ անելով ռուսական ուժերին դուրս գալ Ուկրաինայից։ Կողմ է քվեարկել 141 անդամ, ձեռնպահ՝ 35-ը (ներառյալ Հայաստանը)։ Թուրքիան կողմ քվեարկեց։ Ադրբեջանը չքվեարկեց։
 
Քվեարկությունից զատ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա դրված է Ռուսաստանի հետ իր երկրի ռազմական, քաղաքական և տնտեսական դաշինքը հավասարակշռելու դժվարին խնդիրը՝ փորձելով պահպանել լավ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Հակամարտության առնչությամբ Փաշինյանն իր առաջին զգուշավոր կարծիքն արտահայտեց մարտի 2-ին. «Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները» Ադրբեջանը ևս գտնվում է երկու ճամբարում։
 
Փետրվարի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերում երկու անգամ գովաբանեց Ադրբեջանին՝ 5 միլիոն դոլարի դեղորայք մատակարարելու և շտապ օգնության մեքենաներին անվճար վառելիք տրամադրելու մասին Ուկրաինայի ադրբեջանական գազալցակայաններին հրաման տալու համար՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշինքի պայմանագիր ստորագրելուց մի քանի օր անց: Սակայն Ադրբեջանը, ինչպես Թուրքիան և Հայաստանը, պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ Քանի որ Ուկրաինան քաղաքական և ռազմական աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը և այն փաստը, որ 2000 ռուս խաղաղապահներ ապահովում են արցախահայության անվտանգությունը, Արցախի կառավարությունը ճանաչեց Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «անկախությունը»։
 
Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և բաց է պահել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, որպեսզի չկորցնի ռուսական ներդրումները, գազի ներկրումը և զբոսաշրջիկներից ստացվող մեծ եկամուտները։ Զարմանալիորեն, Էրդողանը մարտի 1-ին հաստատեց Բելառուսի հետ ներդրումների խթանման համաձայնագիրը, որը Արևմուտքի կողմից պատժամիջոցների է ենթարկվել՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը միանալու համար: Մյուս կողմից, Թուրքիան արգելափակել է ռուսական որոշ ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով դեպի Սև ծով, ինչպես նախատեսված է 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայով։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական որոշման համար։ Այնուամենայնիվ, Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները մնում են սառը։
 
Երբ տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերից հինգը խոցվեցին Ռուսաստանի կողմից, Ուկրաինան ծրագրեց Թուրքիայից ավելի շատ անօդաչու թռչող սարքեր գնել, որոնք թիրախավորել են ռուսական զինված շարասյունները։ Մյուս կողմից, Թուրքիան գնել էր ռուսական S-400 հակաօդային հրթիռների համալիր, ինչը ստիպեց Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ արգելափակելով նրա կողմից ամերիկյան F-35 ռմբակոծիչների ձեռքբերումը։
 
Մարտի 1-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակեց Կառլոտա Գալի հոդվածը՝ «Ուկրաինա ներխուժումը մեծացնում է բախումը Էրդողանի և Պուտինի միջև» վերնագրով։ Նա հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ժամեր առաջ երկու թուրքական ինքնաթիռներ վայրէջք են կատարել Ուկրաինայում՝ Կիևից տարհանելու դիվանագիտական անձնակազմին և Թուրքիայի այլ քաղաքացիների։ Այնուամենայնիվ, ինքնաթիռներն ու տարհանվածները արգելափակվել են, ինչի հետևանքով Էրդողանին երկրի ներսում  քննադատում են մոտալուտ վտանգը թյուրըմբռնելու և ավելի արագ չգործելու համար։ Էրդողանը նախագահներ Պուտինին և Զելենսկուն հրավիրել էր Թուրքիա՝ հակամարտության կարգավորման միջնորդության համար։ Պուտինը քաղաքավարի կերպով մերժեց հրավերը։ Էրդողանը փակեց մի քանի արևմտյան լրատվամիջոցներ՝ լռեցնելով նրանց քննադատությունը Ռուսաստանի հասցեին։
 
Չնայած հակամարտությունում Թուրքիայի անորոշ պահվածքին, «Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի ընթացքում ավերվել են երեք թուրքական գործարաններ և չորս պահեստներ։ Այս գործարաններն արտադրում էին զինամթերք և փոքր ռումբեր», հաղորդել է լոնդոնյան «Ռայ ալ-Յում» (Rai Al-Youm) արաբական թերթը: Բացի այդ, «ավերվել է մի մեծ գործարան, որը մասնագիտացած էր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառուցվածների արտադրության մեջ»:
 
Ուկրաինական գործարանները մատակարարում են թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչներ և այլ կարևոր մասեր։
 
Պարբերականը մեջբերել է Էրդողանի անանուն ավագ խորհրդականին, որը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական կորուստները կազմում են հարյուր միլիոնավոր դոլարներ և կարող են հասնել միլիարդավոր դոլարների։
 
Միևնույն ժամանակ, Էրդողանի փեսան՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Սելջուկ Բայրաքթարը, թվիթերյան իր էջում գրել է․ «Ես խստագույնս դատապարտում եմ Ռուսաստանի անօրինական ներխուժումը՝ անկախ պետության ինքնիշխանության խախտումով»: Նա ասաց, որ աջակցում է «Ուկրաինային և Ղրիմին՝ մեր թուրք եղբայրների հայրենիքին, որոնք դիմադրում են օկուպացիային»: Երկրորդ թվիթում Բայրաքթարը ափսոսանք է հայտնել «պատերազմի պատճառած ավերածությունների և տառապանքների համար»: Թուրքիայի քաղաքացիները մատնանշել են «մահվան վաճառականի» կեղծավորությունը, որի անօդաչու թռչող սարքերն այդքան ավերածություններ են պատճառել ամբողջ աշխարհում։ Նա ակնհայտորեն իր բիզնես շահերը վեր է դասում մարդկային կյանքից:
 
Ռուս-ուկրաինական պատերազմը խախտել է միջազգային կարգի նորմերը՝ ստիպելով բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, նրբանկատորեն հավասարակշռել իրենց շահերը երկու կողմից։
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական