Ի՞նչ է խաղաղության օրակարգը. բովանդակությո՞ւն, թե՞ արկածախնդրություն


Ի՞նչ է խաղաղության օրակարգը. բովանդակությո՞ւն, թե՞ արկածախնդրություն

  • 09-03-2022 17:59:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանին առաջարկվել է խաղաղության պայմանագիր կնքել։ Երևանից պատասխանում են, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը «համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը»: 
 
Քանի որ պաշտոնական Երեւանը չի պարզաբանել, թե ինչ բովանդակություն ունի իր «խաղաղության դարաշրջանի» օրակարգը, Regnum-ի մեկնաբանը միանգամայն արդարացիորեն նկատում է, որ Երևանը պատրաստ է ԼՂ-ը դիտարկել Ադրբեջանի կազմում։
 
Հիմա հանգիստ թողենք Regnum-ին ու նրա մեկնաբանին ու լեգիտիմ հարց ուղղենք մեր կառավարությանը` ի՞նչ է, ի վերջո, նրա «խաղաղության օրակարգը» ու այդ համատեքստում ի՞նչ է սպասվում Արցախին։
 
Եթե պաշտոնական Երեւանը Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, այդ թվում` դելիմիտացիան ու դեմարկացիան, տարանջատում է ԼՂ խնդրից, ինչը, մեղմ ասած, իրատեսական չէ, ապա ի՞նչ ռեսուրսներով է առաջ տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը։
 
Մյուս տարբերակն այն է, որ պաշտոնական Երեւանը քննարկում է ԼՂ-ի վարչատարածքային ինքնավարության հնարավորությունն Ադրբեջանի կազմում։ Իհարկե, խոսքը բարձր ինքնավարության մասին է` միջազգային երաշխիքներիով։
 
Սա միանգամայն իրատեսական տարբերակ է, որի շուրջ Հայաստանը կարող է ունենալ միջազգային դաշնակիցներ։
Եթե պաշտոնական Երեւանի լուծումը սա է, ապա ինչո՞ւ այդ մասին տեղյակ չի պահվում մեր հասարակությունը։ Ի վերջո, ցանկացած տարբերակ ենթադրում է հանրային- քաղաքական դիսկուրս։
 
Եվ վերջապես` կա արկածախնդրության ճանապարհը, որը հեռու չէ գործող իշխանությունից։
 
Դա այն է, որ ոչ մի խաղաղության օրակարգ էլ չկա ու պաշտոնական Երեւանը հերթական անգամ ժամանակ է շահում` մոլորեցնելով նաև միջազգային հանրությանը։ Այս դեպքում` մնում է հիշեցնել, որ ցանկացած արկածախնդրության գին վճարում են երկիրն ու ժողովուրդը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play