Խիստ դատապարտելի է Շուշիում անցկացված Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցությանը նվիրված միջոցառումը. Արտակ Բեգլարյան
19-03-2022 20:39:06 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝
ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով.
40,000 տեղահանված, որից 5,000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.
Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100,000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:
Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները...»,֊ նշում է պետնախարարը։