Ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան


Ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան

  • 21-03-2022 17:16:32   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով՝ 2021-ի հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի միջև ստորագրվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու մասին հայտարարությունը: Խումբը 2021-ի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթախմբեր:
 
«Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ»,- ասաց նա:
 
Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ նաև ամենաքննարկվող հարցին՝ ում ենթակայության ներքո են գործելու այդ կոմունիկացիաները:
 
«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով, որ անցնում են»,- ասաց Միրզոյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական