«Նոր միության» կամ «թուրքական վիլայեթի» կոնտրաստը կեղծ քաղաքական օրակարգ է
24-03-2022 16:10:02 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Նոր միության» կամ «թուրքական վիլայեթի» կոնտրաստը, երկընտրանքը կեղծ քաղաքական օրակարգ է։
Հայաստանը պարտավոր է ռազմավարական գործընկերություն ունենալ Ռուսաստանի հետ, բայց նաև ակտիվ քաղաքական երկխոսություն հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Այս հարաբերությունները, որոնք երբեք չի կարելի հարկադրել, մեծ հաշվով` ուղղված են Հայաստանի անվտանգության ապահովմանը, անվտանգային սպառնալիքների ու ռիսկերի չեզոքացմանը։
Բա Արցախի հարցը` կհակադարձեն ինձ։
Նայած ինչ եք հասկանում` Արցախի հարց ասելով։
Այս պահին ինձ համար դա ոչ թե անկախության կամ դեօկուպացիայի կեղծ օրակարգ է, այլ Արցախ հայկականության, անվտանգության ապահովում, հայաթափության կանխում։
Արցախի անկախության հարցում Հայաստանը չունի դաշնակիցներ` Ադրբեջանը դրան դեմ է, բայց դրան դեմ են նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան, անգամ` ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնց պատկերացրած կարգավիճակը միանգամայն այլ բան է ենթադրում։
Անիրատեսական օրակարգով կարող ենք հակադրվել միջազգային, ռեգիոնալ համատեքստին` ունենալով նոր կորուստներ։ Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության թեման օրակարգ է, որը Հայաստանի համար դիալոգի կանալ է բացում` ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ` միջազգային ազդեցիկ խաղացողների հետ։