Իշխանությունը հիվանդ է. Հայաստանում կարող է անհամեմատ ավելի լավ իշխանություն լինել


Իշխանությունը հիվանդ է. Հայաստանում կարող է անհամեմատ ավելի լավ իշխանություն լինել

  • 07-04-2022 14:45:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Երկրի վիճակն ուղղակիորեն կախված է գաղափարներից և իշխանության դրանք հասկանալու աստիճանից
Երկրները ծաղկում են միայն այն ժամանակ, երբ նրանցում հայտնվում են ճիշտ գաղափարներ, տեսլականներ, հայեցակարգեր, նախագծեր և գտնվում են իշխանավորներ, ովքեր հասկանում և ընդունում ու իրականացնում են դրանք։
 
Այդպես եղել է միշտ՝ և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում, ով իրականացրել է մեծ Արիստոտելի գաղափարները, և կարդինալ Ռիշելյեի ժամանակ, ով ոտքի կանգնեցրեց Ֆրանսիան, և Բիսմարկի ժամանակ, երբ նա իրականացրեց գերմանական հողերի միավորման գաղափարն ու ապահովեց Գերմանական տնտեսության աննախադեպ զարգացումը, և ժամանակակից ԱՄՆ-ում, որը փաստացի ղեկավարում են «տինկ-տենկները» (իշխանություններին խորհուրդներ տվող հատուկ ինստիտուտներ): Բոլոր ժամանակներում առանցքային դեր են ունեցել խորհրդականները (կամ խորհրդականների ինստիտուտները), որոնք գաղափարներ են մշակել։
 
Ուրեմն, ինչո՞ւ մենք համեմատաբար փոքր թվով հաջողակ երկրներ ունենք։ Շատ պետություններ, պատմության ընթացքում, պարզապես մի կերպ գոյություն էին քարշ տալիս և բավականին անարդյունավետ գործունեություն ծավալում։
 
Իմ խորին համոզմամբ, այստեղ երկու հիմնական պատճառ կա։ Գաղափարներ գեներացնող մարդիկ հազվադեպ տեսակ են, իսկ հնարավորությունները, որ նրանք կնկատվեն իշխանությունների կողմից՝ չնչին: Բայց ավելի կարևոր է այն, որ ցանկացած առաջընթացում առանցքային դեր պետք է խաղա կադրերի (կատարողների) ընտրությունը։ Եվ եթե իշխանությունը նախապես սխալ է ընտրված, ապա պաշտոնյաների ամբողջ դասը հուսահատ պայքարում է ցանկացած գաղափարի, տեսլականի, բարեփոխման դեմ, այն պարզ պատճառով, որ ճիշտ հարցադրման դեպքում իր աթոռն անարժանորեն զբաղեցնող պաշտոնյան պետք է անհապաղ հեռանա։ (Ցանկացած, նույնիսկ ցածր ունակությունների տեր, պաշտոնյա դա լիովին հասկանում է):
 
Իրավիճակը Հայաստանում
 
Ժամանակակից Հայաստանում գաղափարներ գեներացնող որևէ ղեկավար չի եղել։ Այն ամենը, ինչ ասում էին մեր իշխանությունները, կամ դեմագոգիա էր, կամ առաջին դասարանցու մակարդակի (օրինակ՝ մենք պետք է զարգացնենք այս կամ այն բանը)։ Դա վերաբերվում է նաև մյուս բոլոր պաշտոնյաներին։ Նկատեք, նույնիսկ գիտության ոլորտում, որտեղ մարդիկ, ըստ ձևակերպման, պետք է լինեն կրթված ու ըմբռնող, որտեղ կան մի քանի հազար դոկտորներ ու գիտությունների թեկնածուներ, ոչ մի պաշտոնյա խելամիտ բան չի արտահայտել։ Ոչ մի պաշտոնյա տեսլական չի առաջարկել՝ լինի ակադեմիայի նախագահ, նախարար, թե պաշտոնյա։ Այն ամենը, ինչի մասին ասում էին պաշտոնյաները, կամ շատ չնչին արժեք է ունեցել (այսինքն վերաբերվում էր չնչին տեսակետների) կամ առաջին դասարանցիների մակարդակով էր (այսինքն, եղել են սոսկ հետևյալ տիպի հայտարարություններ՝ «պետք է բարձրացնել, արագացնել և այլն»)՝ առանց որևէ կոնկրետության։
 
Այսօր Հայաստանում ղեկավարների հիմնական զանգվածը (և խորհրդարանում, և կառավարությունում) դեղին մամուլից դուրս թռած դեղնակտուցներն են։ Սրանք մարդիկ են, ովքեր երբեք չեն գիտակցել գաղափարների և նախագծերի կարևորությունը։ Սրանք մարդիկ են, ովքեր, հավանաբար, մտածում են, որ ղեկավարել, նշանակում է՝ իրենց բարեկամներին նստեցնել պաշտոնների և դրանով ամրապնդել սեփական դիրքերը։ Գրողի ծո՛ցը գնան գաղափարներն ու տեսլականները։ Այդ դեղնակտուցներին դեռ պետք է բացատրել, թե ինչ է գաղափարն ու տեսլականը: Հաշվի առնելով ցածր ինտելեկտուալ մակարդակը, ավելի լավ է նրանց տալ տեսլականների մանրամասն մշակված օրինակներ, որպեսզի նրանք կարողանան հասկանալ: Ցանկացած բան օրինակների վրա ավելի հեշտ է հասկանալ:
 
Նրանցից պահանջել, որ իրենք գեներացնեն գաղափարներ, տեսլականներ, նախագծեր, հավասարազոր է, տառերը չիմացող մարդուց պահանջել որպեսզի նոր գիտական տեսություն ստեղծի: Դա անիմաստ է։
 
Առաջարկվող բուժումը
 
Իշխանությունների, վերը նշված, ախտորոշումից հետո, հեշտությամբ կարելի է առաջարկել նրանց բուժումը։
 
Իշխանության բուժումը շատ հասարակ է։ Պարզապես պետք է, որ մամուլն ու հասարակությունը մշտապես հարցնեն իշխանության ներկայացուցիչներից՝ «դու իշխանության ներկայացուցիչ ես և պարտավոր ես ունենալ գաղափարներ, տեսլականներ, նախագծեր, ուրեմն ցույց տուր ինձ քո գոնե մեկ գաղափար, տեսլական, նախագիծ գոնե մեկ բնագավառում»:
 
Առաջին հայացքից նման հասարակ գործողությունները կարող են իշխանության մեջ էական փոփոխությունների հանգեցնել։ Կարող են բարելավել իշխանության որակը։
 
Բանը նրանում է, որ իշխանության մեջ ոչ պրոֆեսիոնալները (և կառավարությունում, և խորհրդարանում) երբեք չեն կարող գաղափարներ ու տեսլականներ, նախագծեր գեներացնել։ Դա չկա նրանց տեսադաշտում։ Դա նրանց հարկավոր էլ չէ: Այնպես որ, երբ մենք իշխանություններին խնդրում ենք ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը, նրանք ստիպված կլինեն զբաղվել դրանով։ Ստիպված կլինեն փնտրել խելացի, բանիմաց մարդկանց, ովքեր կկարողանան բացատրել նրանց, թե ինչ է տեսլականը, ինչ է նախագիծը: Այսինքն, ստիպված են լինելու բարձրացնել իրենց մակարդակը։ Ստիպված կլինեն՝ գոնե ուրիշի գաղափարները յուրացնելու և դրանք որպես իրենցը ներկայացնելու համար։ Դա զզվելի է, բայց ավելի լավ է, քան անգաղափար պաշտոնյաները։
 
Եթե նշված գործընթացն իրականանա (այսինքն, եթե լրագրողներն անընդհատ իշխանությանը հարցնեն իր գաղափարների ու առաջարկների մասին), ապա դա որակական նոր մակարդակի կբերի թե իշխանությունը, թե մամուլը։ Դա կհանգեցնի նրան, որ երկրի համար ամենակարևոր հարցերը կհայտնվեն օրակարգում և դեմագոգիայի փոխարեն երկրում կսկսեն արդիական, գործնական հարցեր քննարկվել։
 
Վստահ եմ, որ դա կհանգեցնի թե պաշտոնյաների, թե մամուլի մակարդակի էական բարձրացմանը, հետևաբար, չափազանց օգտակար կլինի երկրի համար։
 
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
Lragir.am
Նոյյան տապան  -   Վերլուծություն