ԵԱՀԿ-ը փոխարինում են Եվրախորհրդով. Շահան Գանտահարյան


ԵԱՀԿ-ը փոխարինում են Եվրախորհրդով. Շահան Գանտահարյան

  • 07-04-2022 18:54:21   | Հայաստան  |  Քաղաքական

Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին «Նոյյան Տապան»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան  Շահան Գանտահարյանը: 
 
- Պարոն Գանտահարյան, ձեր տպավորությունները Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից։ 
 
- Բրյուսելի եռակողմ հանդիպման ամենաուշագրավ հարցերն էին.   
 
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, 
- Կայուն և անվտանգ իրավիճակի ապահովումը սահմանագծի երկայնքով և մերձակայքում: 
 
Մնացյալ բաժիները կարող են ընկալվել լարվածության թուլացման, խաղաղության հաստատմանն աջակցելու, նախորդ պայմնավորվածությունները հարգելու ընդհանուր կոչի սահմաններում։ 
 
Օրակարգը սահմանազատումն է, որն առաջադրանք է Բաքվի եւ Անկարայի համար։ Այս առաջադրանքին իբրև ճնշման միջոց կարող են դիտարկվել Փառուխի, Քարագլուխի ոտնձգությունները, գազատարի փակում-բացումը, նաեւ՝ ադրբեջանական զորքի հետքաշման ձգձգումը։  
 
- Ի՞նչ կետեր են բացակայում։ 
 
- Հիմնականը՝ առաջադրված բանակցությունների միջնորդական ձեւաչափն է։ Հիմա միջնորդություն է արվում մի քանի ուղղություններով։ Առաջին, ռուսական գերմիջնորդությամբ կայացած համաձայնությունները: Երկրորդ՝ փոխկապակցված են ընթանում Երեւան-Անկարա եւ Երեւան-Բաքու գործընթացները, հետևաբար անուղղակի միջնորդություն է ստանձնել  Թուրքիան։ Երրորդ՝ եվրոպական նախաձեռնությունը. Եվրախորհրդի նախագահն արդեն որերորդ անգամն է՝ իր մոտ հրավիրում Երեւանի եւ Բաքվի ղեկավարներին։ 
 
Բացակայում է, ուրեմն, ԵԱՀԿ-ը, որն ավանդաբար միջնորդական առաքելություն էր իրականացնում ՄԽ եռանախագահությամբ։ Խնդիրը միայն ռուս- թուրքական համաձայնությամբ չի բացատրվում։ Եռանախագահող երկրներից երկուսը պատժամիջոցային հետզետե խստացող քաղաքականություն են կիրառում երրորդի նկատմամբ եւ հիմա թվում է, որ բավական բարդ է համատեղ աշխատելը։ 
 
Փորձ է կատարվում ԵԱՀԿ-ը փոխարինել Եվրախորհրդով։   
 
Մեկնաբանելի է ուժերի միջև անվտանգության առումով համահավասար հեռավորության պահպանման գաղափարը։ Սա կարող է  նախանշել երկու ուժերի սահմանային զորքերի միջև գտնվող տարածքների վրա խաղաղապահ առաքելություն։ Եվրոպական կենտրոնից նման շեշտադրում, ուղերձ է ներառում Մոսկվայի նոր խաղաղապահության  մասին հարցեր ստեղծելը։ Որովհետև կա անմիջապես զուգակցված գաղափարը՝ Եվրոպան պատրաստ է աջակցելու անվտանգության առումով համահավաար հեռավորության ձևավորման գործընթացին։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական