Ընթերցանության 7-րդ մարաթոնը Հայաստանի ամերիկյան անկյուններում


Ընթերցանության 7-րդ մարաթոնը Հայաստանի ամերիկյան անկյուններում

  • 08-04-2022 15:04:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ս․թ․ ապրիլի 8-ին Հայաստանի 5 ամերիկյան անկյունները ընթերցանության հերթական մարաթոնով նշանավորեցին Ազգային գրադարանային շաբաթը։ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Կապանի ամերիկյան անկյուններում ընթերցում էին Փիթեր Բալաքյանի մրցանակակիր ստեղծագործություններից մեկը՝ «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը։
 
Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը մոտ 5 րոպե ընթերցում էր գրքից մի հատված՝ անգլերեն կամ հայերեն։ Գրքից հատվածներ ընթերցեցին դեսպան Թրեյսին, տասնյակ համայնքային առաջնորդներ, գրական գործիչներ, գրադարանների այցելուներ, ուսանողներ և աշակերտներ։
 
ԱՄՆ դեսպանատունը՝ աշխատելով Հայաստանի ամերիկյան անկյունների և շուրջ 30 գրադարանների հետ, 2016թ․ սկսած կազմակերպում է ամենամյա ընթերցանության մարաթոն, որն անցկացվում է ԱՄՆ Ազգային գրադարանային շաբաթվա օրերին։
 
Նախորդ տարիներին մարաթոնի ժամանակ ընթերցվել են հետևյալ գրքերը․ Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները», Վիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն», Մադլեն Լենգլ «Ժամանակի մի փոքրիկ ծալ», Ռեդ Բրեդբըրի «Մարսյան քրոնիկոն», Հարփեր Լի «Ծաղրասարյակ սպանելը» և Ռ․ Ջ․ Պալացիո «Հրաշքը»։ 
 
Ընթերցանության մարաթոնի նպատակն է ներկայացնել ամերիկյան գրականությունը և ուշադրություն հրավիրել մեր Ամերիկյան անկյունների աշխատանքին։ Մարաթոնի ընթացքում ողջ օրն ընթերցանության սիրահարները միմյանց հերթագայելով ընթերցում են գիրքը՝ սկզբից մինչև վերջ։ Միջոցառումն ամբողջությամբ հեռարձակվում է մեր YouTube-յան ալիքով, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ կլինեն ուղիղ միացումներ Facebook-յան մեր էջում։ 
 
Այս տարի ԱՄՆ ազգային գրադարանային շաբաթը նշվում է ապրիլի 3-ից 9-ը և ընթանում է «Քո գրադարանը քո կապող օղակն է» կարգախոսի ներքո։ Ուշադրության կենտրոնում այն գաղափարն է, որ գրադարանները չեն սահմանափակվում սոսկ գրքերով և կարևոր հարթակ են տեխնոլոգիաներից օգտվելու, տարբեր ծրագրերի, գաղափարների, դասընթացների ներգրավվելու և ամենակարևորը՝  համայնքներին փոխկապակցելու համար։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն