Գլոբալ համայնքը միացել է FAST-ին և հավաքագրել 1.4 միլիոն դոլար՝ ուղղված Հայաստանում գիտության ու նորարարության զարգացմանը

Գլոբալ համայնքը միացել է FAST-ին և հավաքագրել 1.4 միլիոն դոլար՝ ուղղված Հայաստանում գիտության ու նորարարության զարգացմանը

  • 11-04-2022 12:42:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում հաջողությամբ կյանքի է կոչել իր անդրանիկ դրամահավաքը՝ Advance Armenia Gala-ն, հարյուրավոր հյուրերի՝ ականավոր գիտնականների, նորարարների, ձեռներեցների, ներդրողների, ինչպես նաև կարծիքի առաջատարների մասնակցությամբ: Հիմնադրամը գերազանցել է դրամահավաքի իր նշաձողը` հավաքելով 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար, որը կուղղվի ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնմանը, որն անփոխարինելի հարթակ է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատման առումով: Համատեղ ջանքերի արդյունքում հավաքագրված միջոցների շնորհիվ՝ գիտնականների նոր խմբեր կձևավորվեն, որոնք կաշխատեն միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա առաջիկա տարվա ընթացքում: 
 
Երեկոյի գլխավոր բանախոս Նուբար Աֆեյանը միջոցառման ժամանակ ընդգծել է սփյուռքի կողմից Հայաստանի հրատապ կարիքների հասցեագրման գործում ուղղակի և շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը: Աֆեյանն ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն է, ընկերություն, որը փոխեց բժշկության աշխարհը՝ ստեղծելով COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Նա 2017-ին այլ նշանավոր հայերի հետ հիմնադրել է FAST-ն ու աշխատել միջազգային փորձագետների հետ՝ մեծացնելու հիմնադրամի ներկայությունը գիտական հանրույթում: Իր ելույթում Նուբար Աֆեյանը վստահեցրել է, որ  Հայաստանի առաջընթացի մեջ ամենաուշագրավ ներդրումը գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ է հնարավոր, ինչպես նաև կրթության մեջ ներդրումների ավելացմամբ: «Ինչպես նավթը՝ որպես բնական ռեսուրս, առաջ է մղել շատ երկրներ նախորդ հարյուրամյակի ընթացքում, այնպես էլ Հայաստանի նման երկրի համար առաջընթացի լավագույն ուղիներից մեկը կրթության միջոցով մարդկային մտքի զարգացումն ու դրա կիրառությունն է՝ նորարարական լուծումներ ստեղծելու նպատակով: Գիտությունն ու տեխնոլոգիան կարող են ստեղծել նոր ռեսուրսներ այս անգամ առանց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության»,-ասել է Նուբար Աֆեյանը: 
 
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն իր երախտագիտությունն է հայտնել Advance Armenia Gala ընթրիք-դրամահավաքի բոլոր մասնակիցներին՝ նրանց առատաձեռն նվիրատվության և FAST-ի նպատակներին աջակցելու համար: Նա նշել է, որ Հայաստանի համար բեկումնային այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է միասնական ջանքերի համատեղում: «Մեր առաջին դրամահավաքն իրականություն է, որի նպատակն էր հավաքագրել անհրաժեշտ միջոցներ ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնման համար, ինչպես նաև համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են նպաստել Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների էկոհամակարգի ուժեղացմանը: Այս միջոցառումն ապացուցում է, որ սփյուռքը ցանկանում է մասնակցություն ունենալ նորարար Հայաստանի կերտմանը՝ հեռանկարային ու առաջադեմ կրթական ու հետազոտական ծրագրերն աջակցելու միջոցով: Մենք անչափ ուրախ էինք տեսնելու հայության համախմբումն ու զգալու այդ էներգիան, որը, հավատացած եմ, մեծ կարողություն է Հայաստանի ապագան վերափոխելու և երկարաժամկետ ազդեցություն թողնելու տեսանկյունից»,-հավելել է Արմեն Օրուջյանը: 
 
FAST-ն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացին՝ ձգտելով երկիրը վերածել նորարարական կենտրոնի՝ փոխելով աշխարհի  ընկալումը Հայաստանի վերաբերյալ: Իր գործունեության շուրջ հինգ տարիների ընթացքում հիմնադրամն աջակցման տարբեր ծրագրեր է իրականացրել հետազոտողների, ստարտափների համար՝ սահմանելով կրթաթոշակներ, իրականացնելով դրամաշնորհային ծրագրեր, տալով միջազգային լայն կապեր ու հնարավորություններ: FAST-ը երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն է նախատեսում ԳՏՃՄ ուղղության առաջխաղացման համար Հայաստանում և նպատակ ունի կարևոր դեր խաղալ Հայաստանի՝ մինչև 2041 թվականը համաշխարհային առաջատար նորարարական երկիր դառնալու գործում:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն