«Արցախի, հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մի քանի թեզեր պետք է ֆիքսենք:
Արցախի կոնֆլիկը աշխարքաղաքական կոնֆլիկտ է, որտեղ հարաբերություններ են պարզում գերտերությունները Հարավային Կովկասում դոմինանտության համար, նաև կարևորագույն կոմունիկացիաների բացման, վերահսկման, կամ դրանց խոչընդոտման համար:
Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ կռվել է միջազգային կոնսորցիում՝ Ադրբեջանի կողմից.
. Թուրքիան՝ մոտ 200 սպաների մասնակցությամբ, օպերատիվ կառավարմամբ, նյութա-տեխնիկական մատակարարմամբ, հատուկ ջոկատայիններով,
. Իսրայելը՝ ռազմական տեխնիկայի մատակարարմամբ ու դրանց օպերատիվ կառավարման մասնագետներով,
. Բրիտանիան դիվանագիտական ու, ամենայն հավանականությամբ, հետախուզական ու քաղաքական տվյալների տրամադրման միջոցով,
. Պակիստանը, ըստ որոշ տվյալների, հատուկ ջոկատայիններով ու Սիրիայի իսլամիստները, որպես պատերազմի միս:
Մյուս կողմից Իրանն էր որպես զսպող ուժ դեր կատարում, որպեսզի Ադրբեջանը կարմիր գծերը չհատի:
Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն էր լուծում:
Ցանկացած պատերազմ ունի արդյունքներ: Այս պատերազմի արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում իրենց լեգիտիմ ռազմական ներկայությունը ապահովեցին:
Ինչու է կարևոր սա հասկանալ, որպեսզի պարզ լինի, որ հետագայում ևս այդ գերտերությունների շահերին համապատասխան, կամ շահերի բախման պայմաններում է գործընթացը շարունակվելու ու բացարձակապես կապ չունի, թե Հայստանի բանակն է ավելի ուժեղ, թե Ադրբեջանի, ով քանի միլիարդի զենք ու որքան զորք ունի:
Անհրաժեշտության դեպքում զենք էլ կտան ում որ պետք է, ռազմական մասնագետներ ու վարձկաններ էլ կուղարկեն, մեկ հոգի էլ ԳՇ-ի պետի խորհրդական՝ ստրատեգիական ու տակտիկական պլանավորման համար: Դա այլևս էական չի: Ինչպես հայկական բանակը ոչնչացվեց, պետք լինի, ադրբեջանական բանակն էլ կոչընչացվի՝ մուշտարիներ արդեն կան: Ավելի էական է արդյունավետ քաղաքականություն ու դիվանագիտություն վարելը:
Դիվանագիտության պահով, ոնց հասկանում եմ, վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում: Քաղաքականություն վարելու ունակությունների մասին խոսալն իսկ ավելորդ է, միայն տեսնել է պետք ԱԺ-ի իշխող խմբակցության ու կառավարության քարե դարի գտածոների առկայության մասշտաբները՝ ինտելեկտի ու արժանապատվության բացարձակ բացակայությամբ»: