Դեբեդ գետն ընկած երեխայի վիճակը ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Դեբեդ գետն ընկած երեխայի վիճակը ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

  • 26-04-2022 17:23:12   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ապրիլի 26-ին այցելել է  Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային: «Երեխան գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Մեր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել փոխքաղաքապետը:
 
Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
 
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն