Ներկայացվեցին «ՔՀԿ չափիչ Հայաստան-2021» ուսումնասիրության արդյունքները

Ներկայացվեցին «ՔՀԿ չափիչ Հայաստան-2021» ուսումնասիրության արդյունքները

  • 27-04-2022 15:08:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի քսանվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) կազմակերպել էր «ՔՀԿ չափիչ Հայաստան-2021» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։ Միջոցառմանը ներկա էին ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։
 
«ՔՀԿ չափիչ» ուսումնասիրությունն իրականացվել է ԹԻՀԿ կողմից 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում։ Հետազոտությունն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում տարեկան հիմքով՝ սկսած 2019 թվականից, հիմնվելով յուրահատուկ և մասնակցային մոտեցմամբ մշակված «ՔՀԿ չափիչ» գործիքի վրա, որը չափում է առկա իրավական կարգավորումները  և պրակտիկ դրսևորումները քաղաքացիական հասարակության վրա ազդող առանցքային ոլորտներում` սկսած միավորումների և հավաքների ազատությունից ու որոշումների կայացմանը մասնակցությունից մինչև ֆինանսավորման մատչելիությունն ու մասնավոր կյանքի իրավունքը:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։ Սոնա Այվազյանը ներկայացրեց «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի եւ ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի նպատակները։ Նա նշեց, որ 2017 թվականից ԹԻՀԿ-ը որպես «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) գործընկեր ներգրավվել է այս ծրագրում՝ Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման մեթոդաբանության մշակման և պարբերական մոնիտորինգի իրականացման նպատակով։ Գործիքը կարևորվել է Եվրոպական միության կողմից, քանի որ այն օգնում է գնահատել Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրը և եզրահանգումներ անել այդ միջավայրի դինամիկայի վերաբերյալ, հատկապես այսօրվա իրավիճակում, երբ տարեցտարի գրանցվում է ժողովրդավարության հետընթաց, իր խոսքում նշեց Ս․ Այվազյանը։
 
Սիլյա Կասմանը շեշտեց քաղաքացիական հասարակության կարևորությունը՝ անկախ նրանից, թե որ երկրում է այն գործում. «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները իհարկե առանցքային գործընկերներ են քաղաքականության տարբեր առաջնահերթություններում և ծրագրերում, երբ անհրաժեշտ է հասցեագրել մարդկանց կարիքները և նվազեցնել անհավասարությունը»։ Քաղաքացիական հասարակության հետ երկխոսության և քաղաքականության մշակման գործընթացներին մասնակցության խթանումը և օժանդակությունը, աջակցությունը քաղաքացիական հասարակության կայունությանը վերջերս հրապարակված՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի ԵՄ 2021-2027 ճանապարհային քարտեզի բաղադրիչներից են։
 
Միջոցառման ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչներ Անուշ Հակոբյանն ու Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեցին 2021 թվականի «ՔՀԿ չափիչ» հետազոտության հիմնական բացահայտումները։ Խոսնակները նշեցին, որ հետազոտությունն իրականացվել է հատուկ մեթողաբանությամբ, որը հիմնվում է միջազգային ստանդարտների և լավագույն փորձի վրա։
 
Հետազոտության բացահայտումների շարքում ներկայացվեցին խոսքի ազատության և հավաքների ազատության բացասական զարգացումները, ՔՀԿ-ների դեմ ուղղած ատելության խոսքի աճը և վարկաբեկող արշավները, իսկ դրական զարգացումներից նշվեց պետական ֆինանսավորման տրամադրման թափանցիկությունն ու մրցակցայնությունը բարելավող կարգավորումների ընդունումը, դատարանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ներկայացնելու նոր հնարավորությունը, պարտադիր աուդիտի ենթակա՝ պետական ֆինանսավորման գումարի տարեկան շեմի բարձրացումը։ Դեռևս խնդիր են մնում գրանցման և հարկման հարցերում ՔՀԿ-ների և տնտեսվարող ընկերությունների հանդեպ անհավասար վերաբերմունքը, որոշումների ընդունման գործելակերպում ՔՀԿ-ների մասնակցության հետընթացը, մասնավոր կյանքի իրավունքի և անձնական տվյալների անբավարար պաշտպանությունը՝ հատկապես թվային հարթակներում։
 
Այնուհետև խմբային աշխատանքի ձևաչափով Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջարկներ մշակվեցին։ Մասնակիցներն ակտիվ քննարկեցին ՔՀԿ-ների միջավայրի բարելավման հնարավոր քայլերը և ուղղությունները գրանցման և գործունեության, ֆինանսական կայունության, որոշումները ընդունման գործընթացում մասնակցության և պետության կողմից պաշտպանության ոլորտներում։ Քննարկման արդյունքները կներառվեն ՔՀԿ նպաստավոր միջավայրի բարելավման ճանապարհային քարտեզի նախագծում և կներկայացվեն համապատասխան պետական ատյաններին։
 
Այս միջոցառումը կազմակերպվել է «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ադրբեջանում «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ-ի, Վրաստանում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», Մոլդովայում «Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում՝ «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի» (UCIPR) կողմից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Արմենպրես
08-08-2022 11:00 | Ասուլիս

Արմենպրես