«Երգի և խոսքի վարպետը». հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանին

«Երգի և խոսքի վարպետը». հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանին

  • 30-04-2022 13:29:50   | Հայաստան  |  Մշակույթ

 
Ապրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին: 
 
Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն: 
 
Միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ: Մեծ արվեստագետի և անհատի հետ ունեցած համագործակցության և բարեկամության մասին անմիջական հուշերով կիսվեցին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Ալինա Փահլևանյանը, սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը և կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը: 
  
Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից: 
 
Համերգային բաժնում հնչեցին Մաեստրոյի թե՛ նշանավոր և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ: 
 
Հուշ ցերեկույթի ավարտին անսպասելի անջատվեց էլեկտրականությունը, և հյուրերը բջջային հեռախոսների լույսերի ներքո, կիսամութ դահլիճում միաձայն երգեցին Մաեստրոյի «Ամպեց, կորավ լուսընկան» երգը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ