Իշխանությունն ու ընդդիմությունը կարո՞ղ են երկխոսել


Իշխանությունն ու ընդդիմությունը կարո՞ղ են երկխոսել

  • 03-05-2022 16:08:17   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։
Նման կարծիքը բնորոշ է բոլոր իշխանություններին, որոնք կտրվում են իրականությունից։ Այդ վիճակն է նաև Նիկոլ Փաշինյանի թիմում։
 
Իհարկե, իմիտացիայով զբաղված է նաև ընդդիմությունը` այն առումով, որ գոնե այս պահին չունի հանրային անհրաժեշտ աջակցություն` հեղափոխություն կամ իշխանափոխություն իրականացնելու համար։
 
Բայց ներքաղաքական ճգնաժամի մի քանի ակնհայտ բաղադրիչ արդեն գոյություն ունի.
 
✓ ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությունը,
✓ անհանգիստ վիճակը Երեւանի ու այսօրվանից նաև` մարզերի փողոցներում։ Պատային վիճակն հաղթահարելու համար բավարար չեն ոչ ոստիկանների, ոչ էլ` ցուցարարների ռեսուրսները։
✓ հասարակության մի մեծ մասի տոտալ անվստահությունն իշխանության ու անտարբերությունն ընդդիմության հանդեպ։ 2021թ-ի ընտրությունների արդյունքներն այլեւս չեն արտացոլում հանրային տրամադրությունները։
 
Իհարկե, իշխանությունն ու նրա աջակիցները կարող են ձև բռնել, որ ճգնաժամ չեն տեսնում ու "բնականոն գործունեության" իմիտացիա անել։ Դա էլ է տարբերակ. գուցե հնարավոր լլինի բողոքի այս ալիքը "մարսել", բայց հետո ճգնաժամն ավելի խորքային դրսեւորում է ունենալու։
 
Ընդդիմությունն էլ կարող է պատրանքներով ապրել ու իմիտացնել, թե հեղափոխություն է անում ու իշխանության հետ երկխոսելու անհրաժեշտություն չունի։ Բայց այստեղ էլ այլ ճշմարտություն է գործում` ցանկացած անտագոնիզմ չէ, որ վերջանում է իշխանափոխությամբ, մեր պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ընդդիմությունն է ռեսուրսներ մաշեցրել փողոցներում։
 
Իշխանությունն ու ընդդիմությունը կարո՞ղ են երկխոսել, թե՞ "ջայլամը" սիրված կենդանի է երկուսի համար էլ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն