Ucom-ը տրամադրել է ինտերնետ Իջևանի վարժարանին և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին

Ucom-ը տրամադրել է ինտերնետ Իջևանի վարժարանին և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին

  • 06-05-2022 16:55:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Յուքոմ» ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրում ներառված Իջևանի վարժարանին և սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից առցանց ռեսուրսների կիրառությունը դասապրոցեսում։
 
«Մեր ընկերությունը ողջունում է մեր բազմամյա գործընկերոջ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանի» կողմից սահմանապահ դպրոցներում կիրառվող նորարարական մեթոդները, որոնց անխափան աշխատելու համար անհրաժեշտ է որակյալ ինտերնետ, ինչի հասանելիությունը մեծ պատրաստակամությամբ այս անգամ ապահովեցինք Իջևանի վարժարանում և Ներքին Կարմիրաղբյուրում»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Օրերս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից իրականացվող հերթական համայնքային այցի շրջանակում «Յուքոմ»-ը հնարավորություն ունեցավ տեղում ծանոթանալու Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի գործունեությանը։
 
Մենք խոսեցինք այդ դպրոցում ներգրավված «Սերունդ»-ի Առաջնորդության զարգացման ղեկավար Մարիամ Ալեքսանյանի հետ:
 
««Սերունդ»-ը պետք է լինի այն ապահով միջավայրը, որտեղ տեղի է ունենում երեխայի համապարփակ զարգացումը։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն ակադեմիական առաջընթացին (ինչը ևս խիստ կարևոր է), այլև՝ սոցիալ-հուզական ուսումնառությանը։ Եթե հողի հետ երբևէ առնչություն եք ունեցել, կիմանաք, երբ լավ հողի մեջ սերմ ես դնում, վստահ ես, որ լավ բերք ես ստանալու, իսկ երբ հողը լավը չէ, չարչարանքը նույնիսկ կարող է ապարդյուն լինել։ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն այդ լավ հողն է հենց»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամը։
 
Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը, կարևորելով ինտերնետի հասանելիությունը տարածքում, հատուկ ընդգծեց, որ «Յուքոմ»-ի կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը և մոդեմները հնարավորություն կտան սահմանին շատ մոտ ապրող երեխաներին «օգտվելու այն մեծ տրամագծից, որն առաջարկում է մեզ աշխարհը»։
 
Խոսեցինք նաև 8-րդ դասարանի աշակերտների հետ, որոնք իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ մշակել են բազմապատկման աղյուսակի սերտումը դյուրացնող խաղ։ Վերջինս նույնիսկ արժանացել է փոքր դրամաշնորհի։ Նրանք մեզ պատմեցին, որ այս խաղը թույլ կտա «երեխաներին շատ արագ սովորել բազմապատկման աղյուսակը, իսկ մեծերին՝ վերհիշել այն»։ Աշակերտները նաև մեզ տեղեկացրին, որ դպրոցում գործում են ամենատարբեր խմբակներ՝ մաթեմատիկայի, ռոբոտաշինության, ռազմագիտության, ֆուտբոլի, արվեստի և այլն։ Բացի այդ, նրանցից մեկն ասաց, որ շատ է սիրում կենսաբանություն և քիմիա առարկաները, քանի որ սովորում են իրենց անցած տեսական գիտելիքներն անմիջապես կիրառել հատուկ լաբորատորիա-դասասենյակներում, որտեղ առկա  են փորձերի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները։  
 
Երեխաները նաև հույս հայտնեցին, որ «Յուքոմ»-ի տրամադրած ինտերնետի միջոցով այլևս չեն ունենա կապի խափանում ու դանդաղ աշխատող ինտերնետ՝ դասերի ընթացքում համացանցում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ 
 
Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը մինչ այդ տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն