Միասնության երթը կայացավ


Միասնության երթը կայացավ

  • 11-05-2022 14:47:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն էր: Մեր պատմության փառավոր էջերից մեկը, մեր հաղթական ոգու և մեր տեսակի վերարժևորման 30-րդ տարեդարձը:
 
Սակայն այսօր՝ 30 տարի հետո Շուշին մերը չէ: Այդուհանդերձ,  Շուշին մեր հոգու հաղթանակի սիմվոլն է:Արդեն 2-րդ տարին անընդմեջ, մայիսին 9-ին Միասին շարժման նախաձեռնությամբ կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր: 
 
Երթն այս անգամ ևս մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, որտեղից հոծ բազմությունը՝ հասարակական և մշակութային կազմակերպություններ ու գործիչներ, կրթօջախներ, զոհվածների հարազատներ, սրտացավ քաղաքացիներ  հայրենասիրական երգերի հնչյունների ներքո շարժվեց դեպի Եռաբլուր: 
 
Մեր հերոս նահատակների նկարները ձեռքներին, հարյուր մետրանոց հայկական դրոշը երիտասարդ սերունդը գլխավերևում պարզած հասավ Եռաբլուր՝ սրտներում հույս և հավատ փափագելով, որ դեռ ուղղելու ենք մեր մեջքը, հզորանանք և արժանի լինենք  մեր նահատակների սխրանքներին: 
 
Այս երթով Միասին շարժման նախաձեռնողները նպատակ ունեին համերաշխություն և միասնություն տարածել ու սերմանել:
 
Միասնություն, որը վեր է բոլոր տեսակ քաղաքական խաղերից, ասում է շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը.
 
«Բոլորը դժգոհ են իրարից, բոլորը մեղադրում են իրար, բզկտում՝ այդպես ջուր լցնելով թշնամու ջրաղացին: Մինչդեռ յուրաքանչյուր ոլորտում պետք է լինի միասնություն, ազգային անվտանգության վեհ գաղափար: Մենք պետք է հանուն միասնության քայլ անենք, միավորվենք և ուժեղանանք»:
 
Հասնելով Եռաբլուրի բարձունք, տեղացող հորդ անձրևի տակ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի տղաները քոչարի պարեցին, հնչեցին հայրենասիրական երգեր երգիչ-երգահան Արսեն Համբարյանի, հեղինակ կատարողներ Ռուբեն Քամալյանի, Վահե Քոչարի, Գագիկ Շիբոյանի կատարմամբ: Գևորգ Թադևոսյանի կարծիքով Եռաբլուրը սգո տեղ չէ, այն մեր հոգու տաճարն է և այստեղ մենք եկել ենք անմահներով հզորանալու համար: Իսկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կարծիքով  էլ պատերազմը  հայի տեսակն է, հայրենիքում ապրելու,  պետականություն ու անկախություն, ազգային արժանապատվություն ունենալու համար հայը դատապարտված է կրել պատերազմի խաչը. «Ուզենք թե ոչ, պատերազմ լինելու է, և սրիկա է նա, ով ազգը կտանի տկարության, փոխարենը զինելու և վերակերտելու բանակն ու ռազմարդյունաբերությունը:
 
Ես ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին լինել զորեղ, լինել արժանի 90-ականներին կերտած հաղթանակին ու հերոսներին:  Հայոց հերոսածին արգանդը  չի ամլացվել և ես վստահ եմ, որ այս երթը պետք է  ուժ տա նոր ազատագրումների և նոր հերոսների ծնունդին»: 
 
Անանիա Շիրակացի  ճեմարանի միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանը դառնացած սրտով, բայց մեծ հավատով է այսօր եկել Եռաբլուր ցույց տալու, որ ոչ ոք չի մոռացվել, եկել է գնահատելու և կարևորելու այն ներդրումն ու զոհողությունը, որ իրագործեցին մեր տղաները: 
 
Հադրութցի Լիանա Պետրոսյանի համար այս երթը նաև պահանջատիրության խորհուրդ ունի, որովհետև մենք ունենք բռնազավթված Հադրութ ու Շուշի, որտեղ դեռ հաղթանակներ պիտի կերտենք: 
 
Վերջում երթի մասնակիցները հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմահների շիրիմներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն