Ընդդիմության հանդեպ բիրտ ուժը կլինի այն, եթե իշխանությունը տանկով կրակի, դրանից ներքև իրենք ամեն ինչ արել են. Խաժակյան


Ընդդիմության հանդեպ բիրտ ուժը կլինի այն, եթե իշխանությունը տանկով կրակի, դրանից ներքև իրենք ամեն ինչ արել են. Խաժակյան

  • 12-05-2022 20:07:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ աղմուկը, որը ստեղծվում է Երեւանում ընդդիմադիրների ակցիաների հետեւանքով, որոշ չափով վնասում եւ նվազեցնում է սպասարկման ոլորտի ու քաղաքի գրավչությունը զբոսաշրջության աչքերում:
 
«Ես դա էլ էական չէի համարի, եթե տեսնեի, որ սա գաղափարական շարժում է, ժողովրդի աջակցությունն ունի կամ պետության համար որեւէ դրական արդյունք պիտի արձանագրի: Քանի որ այս ամենը չկա, ուստի ցավում եմ, որ բացվող տուրիստական այս ակտիվ շրջանում նման աժիոտաժ են ստեղծում քաղաքում»,- ասում է նա:
 
Ըստ Խաժակյանի՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը արհեստական կեղծ օրակարգ են ստեղծել: Նրա դիտարկմամբ՝ ընտրություններից դեռեւս մեկ տարի էլ չի անցել, սակայն նրանք փորձում են մարդկանց համոզել, թե քաղաքացու կամարտահայտությունը փոխվել է:
 
«Իրենց սպասարկող լրատվամիջոցների միջոցով արհեստական ֆոն են ստեղծում, չափազանցված հայտարարում, թե քաղաքը պարալիզացված է եւ հնարավոր չէ երթեւեկել, ինչպես հնարավոր չէր, օրինակ, 2018 թվականին: Բայց դա, իհարկե, սուտ է: Առանձին հատվածներում ստեղծվում են խցանումներ, սակայն կոնկրետ ես որեւէ օր ծրագրերիս փոփոխություն չեմ ունեցել՝ ծանրաբեռնված երթեւեկությամբ պայմանավորված»,- նկատում է ավագանու անդամը:
 
Խաժակյանն ասում է՝ բոլորին է հայտնի, թե այս ուժերն ինչ ֆինանսական եւ վարչական ռեսուրսների են տիրապետում եւ ինչի հաշվին են այդ մի քանի հազար մարդու ներկայությունն ապահովում:
 
«Յուրաքանչյուր մարդ, որն այդ պահին գտնվում է քաղաքի կենտրոնում, տեսնում է շարժի ծավալը եւ հասկանում, որ հիմնականում Հանրապետականի Դաշնակցության, Քոչարյանի աջակիցներն են, եւ կողքից գուցե 20-30 տոկոս մարդ, որոնք ունեն դժգոհություններ տարբեր հարցերում: Ինձ համար, որպես քաղաքացու, Երեւանի բնակչի, տեսանելի է, որ հանրահավաքներին մասնակցողներից շատերը իրենց պատկանող կազմակերպությունների աշխատակիցներն են: Նրանց, եթե ոչ ստիպելով, ապա հորդորելով, վստահաբար, կարող են տանել ցույցերին: Բնականաբար, այդ ճանապարհով ամեն օր էլ կարելի է 3000 կամ 4000 մարդ հավաքել, սակայն դրանով հնարավոր չէ ստեղծել համաժողովրդական շարժման իմիտացիա»,- նկատում է Խաժակյանը:
 
Ավագանու անդամի կարծիքով՝ ակնհայտ է՝ ընդդիմադիրները կցանկանային, որ իշխանությունը խոչընդոտեր, ուժ գործադրելու միջոցով ցրեր հավաքը: Վերջինս համոզված է՝ որևէ պահից սկսելու են ելքեր փնտրել, եթե հիմա արդեն իսկ չեն փնտրում:
 
Ընդդիմադիր ուժերի եւ առհասարակ բոլորի իրավունքն է խաղաղ ցույցեր անելը, ասում է նա, սակայն տվյալ պարագայում այն ատելության մթնոլորտը, որը սերմանում են ընդդիմադիր առաջնորդները իրենց համակիրների եւ հանրության մեջ, թողնելու է անդառնալի հետեւանքներ. «Փակ փողոցներից ես չեմ նեղվում, այլ շատ ցավալի է շարունակաբար գեներացվող ատելության մթնոլորտը, ինչը մնալու է մարդկանց մեջ անկախ այս ցույցերի ելքից»:
 
Միեւնույն ժամանակ Խաժակյանը նկատում է՝ ընդդիմադիրները հարթակից ելույթների ժամանակ գեներացնում են ատելություն, սակայն գործողությունների մեջ ավելի զսպված են, որովհետեւ գիտեն՝ օրենքն ու իրավունքն իրենց նկատմամբ ուժգին կգործի: Սակայն այս ամենում տուժող են դառնալու նրանց այն համակիրները, որոնք կորցնում են ինքնատիրապետումը. «Անկախ նրանից՝ այդ մարդիկ կպատժվե՞ն, թե՞ ոչ, միեւնույն է, 80-ամյա ծերունուն ծեծի ենթարկելու դրվագները մնալու են բոլորիս աչքերում, եւ սա չի կարող որեւէ լավ տեղ տանել: Խնդիրն այն է, որ իրենց ստեղծած մթնոլորտում անընդհատ կարող են նմանատիպ իրավիճակներ ստեղծվել, իսկ դրա պատասխանատուն այս պարագայում ընդդիմությունն է»:
 
Հարթակում ելույթ ունեցող անձանց խոսքում բացակայում է քաղաքական բովանդակությունը, ասում է զրուցակիցը. «Հնչում է գլխավորապես ատելության խոսք, նույն ծամված փաստարկներն ու մեղադրանքները: Խոսում են իշխող ուժի ժողովրդի մեջ բաժանարար գիծ տանելու եւ ատելության սերմանելու մասին, սակայն իրենք դրա հարցում բազմակի գերազանցել են արդեն»:
 
Խաժակյանի նկատառմամբ՝ մարդիկ այս շարժմանը չեն միանում նաեւ նրա համար, քանի որ հարթակում այնպիսի դեմքեր կան, որոնց հանրությունը պարզապես չի հանդուրժում:
 
«Օրինակ, երբ շարժման շարքերում տեսնում են այն քաղաքական գործչին, որի հակավարկանիշը համաշխարհային ռեկորդներ է սահմանում, բնականաբար, նրանց չեն միանա: Այս շարժման դիրիժորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք էլ միմյանց հետ անառողջ մրցակցության մեջ են: Մարդիկ սա շատ լավ գիտակցում են: Ինչպե՞ս միանան, երբ տեսնում են Լեւոն Երանոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ նրա որդուն, Ալեքսանդր Սարգսյանին եւ նրա որդուն, Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին եւ այսպես շարունակ: Ժողովուրդը չի միանա մարդկանց, որոնք տարբեր մարզերի բնակիչներին թուրք են որակում: Հանրությունը 2018 թվականին այս մարդկանց մերժել է արդեն եւ դա եւս մեկ անգամ վերահաստատել 2021-ին»,- շեշտում է ավագանու անդամը:
 
Ըստ նրա՝ ընդդիմադիրներն իրենց երթերից ոգեւորություն են ապրում, քանի որ մեծ երթերի փորձ չունեն. երբ ՀՀ-ում մեծաքանակ երթեր էին իրականացվում, այժմյան ընդդիմության ղեկավարները իշխանական աշխատասենյակներում էին նստած եւ չէին տեսնում կամ չէին ուզում տեսնել:
 
Անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե իշխանությունը ուժ է կիրառում, Դավիթ Խաժակյանը նկատում է՝ իրենց հանդեպ ուժ կիրառելը կլինի այն, եթե իշխանությունը տանկով քաղաքի ներսում կրակի, որովհետեւ դրանից ներքեւ իրենք ամեն ինչ արել են. «2018 թվականին եւ դրանից առաջ, երբ որեւէ ցույց էր արվում հրապարակում, Բաղրամյան 26-ի կամ Կառավարության շենքի մոտով անգամ չէր կարող անցնել մարդկանց երթը: Սահմանադրական դատարանը փշալարերով էին պատմում, եւ էական չէր, թե ինչի համար էր այդ ցույցը»:
 
Նրա համոզմամբ՝ Ֆրանսիայի հրապարակի հավաքները ցրելը րոպեների հարց է, սակայն դա տեղի չի ունենա. առնվազն մեկ-երկու շաբաթ էլ կարող են շարունակել, մինչեւ հասկանան, որ իրենց ծանոթ աջակիցներից բացի, այլ մարդիկ չեն միանում: Եվ ընդդիմադիրները կփորձեն իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: 
 
Անդրադառնալով իրավիճակի հանգուցալուծմանը՝ Խաժակյանը կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը կվերադառնա Ազգային ժողով, քանի որ իրենց երազանքն է եղել մանդատ ստանալը:
 
«Ինչ վերաբերում է իրենց առաջնորդներին, ապա այդ անձինք կսկսեն զբոսնել իրենց առանձնատների պուրակներում: Մեծ հաշվով, նրանց համար բան չի փոխվի: Կպայթի Քոչարյան-Սարգսյան համախմբման փուչիկը»,- ասում է նա՝ հավելելով, որ այնուհետև կարձանագրենք, որ Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը