Շիրակի մարզի ռուսական կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է Վահրամաբերդ գյուղի բնակիչ


Շիրակի մարզի ռուսական կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է Վահրամաբերդ գյուղի բնակիչ

  • 13-05-2022 20:30:00   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող «Կամխուտ»  կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ենգոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մխիթարյանը:

Պարզվել է, որ  ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը,  որտեղ փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը