Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել՝ ինչ է տեղի ունեցել, հակառակ դեպքում կիջներ. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի դեպքի մասին


Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել՝ ինչ է տեղի ունեցել, հակառակ դեպքում կիջներ. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի դեպքի մասին

  • 13-05-2022 20:56:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մեր կողմից ոստիկանության անհամաչափ ուժերն ու բռնության դեպքերը ցուցարարների նկատմամբ արձանագրվել են, համապատասխան հաղորդումներ են ուղարկվել իրավապահ մարմիններին:
 
Այս մասին այսօր լրագողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե բազմիցս համեմատականներ է տարվում ոստիկանների նախկինում դրսեւորած վարքագծի եւ այժմյանի միջեւ, մինչդեռ հիմա էլ բռնության դեպքերը բազմաթիվ են:
 
ՄԻՊ-ը նաեւ հայտնեց, որ արդեն մի քանիսի վերաբերյալ ծանուցվել ու տեղեկացվել են, թե ինչ ընթացք են ստացել: «Որոշների դեպքում ծառայողական քննություններ են սկսվել»,-ասաց նա:
 
Գրիգորյանը նաեւ նկատեց՝ մայիսի 1-ից, երբ եղել են մասսայական բերման ենթարկվածներ, ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են բաժիններ եւ դրա վերաբերյալ յուրաքանչյուր օրվա վերջում տրվել մանրամասն հաղորդագրություններ:
 
Գրիգորյանը անդրադարձավ նաեւ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի՝ երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքին: Գրիգորյանի հավաստմամբ՝ պիտի հետամուտ լինեն, որ իրավական ճիշտ գնահատականներ տրվեն դեպքին, նաեւ հետեւություններ արվեն, թե ինչ փոփոխությունների պիտի ենթարկվի այդ ծառայության վարքագիծը, որ նման դեպքերից խուսափեն:
 
Վերջինս նաեւ ասաց, որ հետաքրքրվել է ու պարզել, որ վարչապետը տեղյակ չի եղել կատարվածից:
 
«Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել՝ ինչ է տեղի ունեցել, այսինքն՝ տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում, որեւէ կասկած չունեմ, որ ուր էլ շտապելու լիներ, կիջներ ու մարդասիրական քայլ կաներ: Յուրաքանչյուր անձ, անկախ իր պաշտոնյա լինելը, առնվազն մարդասիրության ժեստ էր կանգնել եւ կատարվածն արձանագրելը»,- եզրափակեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play