Ընդդիմադիրները մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում․ Սաղաթելյանը ներկայացրեց հետագա քայլերը


Ընդդիմադիրները մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում․ Սաղաթելյանը ներկայացրեց հետագա քայլերը

  • 14-05-2022 11:23:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ ընդդիմադիրների պայքարը ճիշտ ճանապարհով է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին իր ելույթին:
 
«Դիմադրություն» շարժումը մայիսի 13-ին անհնազանդության տարբեր ակցիաներ, ավտոերթեր իրականացրեց Երևանում՝ Արցախի, Հայաստանի դրոշներով: Ոստիկանությունն օրվա ընթացքում բերման է ենթարկել փողոց փակած քաղաքացիների:
 
16։00-ից հետո Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության քայլերթը, ընդդիմադիրները քայլեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան փողոցներով՝ հասնելով կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, նրանք արգելափակեցին շենքի մուտքերը: «Մենք եկել ենք այստեղ մեր աջակցությունը ձեզ բերելու, ասելու, որ այլևս մի ենթարկվեք»,-բարձրախոսով հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով աշխատակիցներին: Այնտեղ էին նաև ոստիկանական ուժերը:
 
Շենքի արգելափակումից հետո ընդդիմադիրները Նալբանդյան փողոցով երթ իրականացրին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Մինչև Ֆրանսիայի հրապարակ հասնելը ընդդիմության երթը կանգ առավ Ոստիականության շենքի մոտ, որտեղ ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ոստիկաններին: Ըստ նրա՝ ոստիկանությունը ապօրինի կերպով է ձերբակալել իրենց պայքարի մասնակիցներից ոմանց:
 
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն, մայիսի 13-ին չէր մասնակցում երթին: «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանել էր, որ Վանեցյանը առողջական նկատառումներից ելնելով ի վիճակի չէ մասնակցել, երբ ապաքինվի, ի վիճակի լինի, կգտնվի նրանց շարքերում:
 
Ֆրանսիայի հրապարակում արդեն հանրահավաքին ընդդիմադիրները կոչ արեցին քաղաքացիներին սոցիալական ցանցերում ևս ակտիվ լինել, ուղիղ եթերներ անել՝ ներկայացնել, թե, օրինակ, Ֆրանսիայի հրապարակի հարթակում ինչ է տեղի ունենում, որևէ բողոքի ակցիա և այլն:
 
Վերջում իր ելույթում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ճանապարհներ, փողոցներ արգելափակելուց զատ, այսուհետ նաև շրջափակելու են կառավարության շենքերը: «Շատ ենք լինում, մեծ գործողություն ենք անում, քիչ ենք լինում՝ փոքր գործողություն ենք անում: Ավելի շատ լինենք, ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու: Մենք ծրագրավորված, հետևողականորեն մեր պայքարն առաջ ենք տանում: Օրեցօր ավելանում ենք: Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով»,-ասաց նա:
 
Ընդդիմադիրները վաղը՝ մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում: Ֆրանսիայի հրապարակի հարթակը ամբողջությամբ հատկացնելու են ծրագրային և բովանդակային քննարկումների: Նախ տեղի կունենա մշակութային ծրագիր, ժամը 14:00-ին Իշխան Սաղաթելյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով: Որից հետո մասնագետների մասնակցությամբ տեղի կունենան քննարկումներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի, անվտանգային թեմաներով: 18:00-ից հետո տեղի է ունենալու մշակութային ծրագիր: Ըստ Սաղաթելյանի՝ հաշվի առնելով, որ մայիսի 14-ը ոչ աշխատանքային օր է, պետական հիմնարկները չեն գործում, անհնազանդության ակցիաներն այն արդյունավետությունը չեն ունենալու, այսպիով ամոբղջ օրը հատկացնելու են ծրագրային դրույթների, տարբեր թեմաների վերաբերյալ քննարկումներին: Իսկ կիրակի՝ մայիսի 15-ին ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հրավիրում է մեծ հանրահավաք:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը